ՀՀ ԱԺ նախագահը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որն առաջիկայում դրվելու է քվեարկության։
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է տեքստում։
Պատգամավորի երդման գործող տեքստը հետևյալն է․
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Հունիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարել էր, որ Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և փոխել պատգամավորների երդման տեքստը։
Նրա խոսքով՝ պատգամավորների երդման նոր տեքստը կլինի ավելի համահունչ այսօրվա իրականությանը, Հայաստանի պետականությանը և գործող օրենսդրությանը։