Ապատեղեկատվության դեմ պայքարից մինչև մեդիայի վրա արհեստական բանականության ազդեցություն. Բոննում մեկնարկել է Գլոբալ մեդիա ֆորումը

4 րոպեի ընթերցում

Գերմանիայի Բոնն քաղաքում հունիսի 23-ին մեկնարկել է Deutsche Welle-ի (DW) կազմակերպած երկօրյա Գլոբալ մեդիա ֆորումը՝ համախմբելով լրագրողների, մեդիա կազմակերպությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ աշխարհի ավելի քան 110 երկրներից։

Բոննից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս տարի ֆորումը կրում է «Journalism Out Loud» («Լրագրությունը՝ բարձրաձայն») խորագիրը: Միջոցառման շրջանակում մասնակիցները քննարկելու են ժամանակակից լրագրության առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ ապատեղեկատվության տարածումը, արհեստական բանականության ազդեցությունը մեդիայի վրա, խոսքի և մամուլի ազատության պաշտպանությունը, լրագրողների անվտանգությունը և անկախ լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակությունների պահպանման և ամրապնդման գործում։

Ֆորումի բացմանը ելույթով է հանդես եկել DW-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը՝ ընդգծելով, որ «Journalism Out Loud» խորագիրն ընտրվել է ոչ թե այն պատճառով, որ լրագրությունը պետք է ավելի բարձրաձայն դառնա, այլ որովհետև այն պետք է շարունակի լսելի մնալ մի աշխարհում, որը գնալով ավելի աղմկոտ է դառնում, իսկ բոլորին հայտնի աշխարհակարգն արմատական փոփոխություններ է կրում։

«Լրագրությունը պետք է վերականգնի մարդկանց միավորելու իր կարողությունը և վերահաստատի ազատ մեդիայի կենսական դերը մեր հասարակություններում»,- ասել է նա։

Մասինգի խոսքով՝ ֆորումի գլխավոր նպատակն է տարբեր երկրներից եկած մարդկանց միավորել երկխոսության շուրջ՝ քննարկելու լրագրության ապագան և ոլորտի առջև ծառացած մարտահրավերները։

DW-ի գլխավոր տնօրենը հատուկ անդրադարձ է կատարել ապատեղեկատվության տարածման խնդրին՝ նշելով, որ աշխարհն այսօր ականատես է լինում հանրային քննարկումների վրա ազդելու և ժողովրդավարական հասարակությունները ապակայունացնելու նպատակով ապատեղեկատվության կանխամտածված կիրառմանը։

«Մենք ականատես ենք խորը փոփոխությունների։ Տեղեկատվական դաշտում աճում է ապատեղեկատվության կիրառումը, այդ թվում՝ պետական վերահսկողության ներքո գործող դերակատարների կողմից, իսկ տեխնոլոգիական հարթակների ալգորիթմները հաճախ մեծացնում են բովանդակության տարածումը՝ անկախ դրա փաստական ճշգրտությունից»,- ընդգծել է նա։

Մասինգի բնորոշմամբ՝ ժամանակակից լրագրության կարևորագույն խնդիրներից մեկը հանրային վստահության պահպանումն է։

Քանի որ Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև լրագրողների անվտանգության հարցերին, Մասինգը նշել է, որ աշխարհում աճում են լրագրողների նկատմամբ ճնշումները, հետապնդումները և սպառնալիքները։

«Լրագրությունը քաջություն է պահանջում, և ես հպարտ եմ, որ այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, որոնք պատրաստ են պաշտպանել լրագրության ապագան»,- շեշտել է նա։

Գլոբալ մեդիա ֆորումը համարվում է մեդիայի, լրագրության և հանրային հաղորդակցության ոլորտներում ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկը։ Այն ամեն տարի միավորում է աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների՝ քննարկելու խոսքի ազատության, ժողովրդավարության, տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության հետ կապված արդիական հարցեր։

Հայերեն English Русский

Յուրաքանչյուր ոք կարող է առաջընթացի շղթային ավելացնել մեկ օղակ և միասին հասնել նոր հանգրվանի․ Երևանում մեկնարկել է «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը

Իրանը կողմ է փոխկապակցվածության գաղափարներին. Շիրղոլամին ԹՐԻՓՓ-ի հարցում հստակեցրել է իր երկրի դիրքորոշումը

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային թիմի առաջիկա խաղերը

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով