Մշակույթ

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

2 րոպեի ընթերցում

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթներով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առանձնահատուկ կարևորում է պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և կենսունակ մշակութային քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, իրականացնելով բաց և թափանցիկ մշակութային քաղաքականություն, ամեն տարի դրամաշնորհային ծրագրերի միջոցով ֆինանսական աջակցություն է տրամադրում մշակութային հասարակական կազմակերպություններին, որոնք ուղղված են համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և հանրահռչակմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ևս ընդգծել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա կարևորել է համայնքների կարիքների ընկալումն ու դրանց մշակութային ժառանգության պահպանությունը։

Նստաշրջանի ընթացքում հայկական «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեին խորհրդատվական կարգավիճակով աջակցող հասարակական կազմակերպություն՝ ի ճանաչում ոլորտում ունեցած մասնագիտական փորձառության։

Այն Հայաստանի երկրորդ հասարակական կազմակերպությունն է, որն արժանանում է նման բարձր միջազգային ճանաչման․ 2020 թ․ հավատարմագրվել էր «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» Հ/Կ-ն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում