Եվրոպա

Բուլղարիայի Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին․ BTA

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին․ BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի տարածաշրջանային զարգացման և հանրային աշխատանքների նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Վիտոշա բնական պարկի ապագա զարգացման հետ կապված առաջարկվող օրենսդրական փոփոխությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը (BTA)։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Ռոսիցա Կարամֆիլովան հայտնել է 2027 թ․ սկզբին Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի մշակման ուղղությամբ բովանդակալից աշխատանքներ սկսելու քաղաքական նպատակի մասին։

«Մեր քաղաքական կազմավորման նպատակն է, որ Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի նախագծի վրա աշխատանքները սկսվեն 2027 թ․ սկզբին։ Մինչ այդ դեռ շատ աշխատանք է սպասվում, առաջին փուլը պլանավորման ամփոփագրի պատրաստումն է», - ասել է Կարամֆիլովան։

Նա հիշեցրել է, որ 2015-2024 թվականների կառավարման պլանի վարչական ընթացակարգն ավարտվել է ապրիլի վերջին, մինչդեռ պարկը ներկայում կառավարվում է 2005 թվականի կառավարման պլանով։

Կարամֆիլովան ընդգծել է, որ Վիտոշայի շուրջ խնդիրները միայն բնապահպանական կամ ենթակառուցվածքային չեն, այլև հիմնականում կառավարման հարց են։ Նրա խոսքով՝ լեռան երկարաժամկետ տեսլականը պետք է կառուցվի երեք հավասարապես կարևոր սկզբունքների վրա՝ բնության պահպանություն, հանրային հասանելիություն և կյանքի որակ, ինչպես նաև ժամանակակից ենթակառուցվածքներով ապահովվող տնտեսական կայունություն։

Տարածաշրջանային զարգացման և հանրային աշխատանքների նախարար Իվան Շիշկովը հույս է հայտնել, որ գործընթացի կոնկրետ քայլերը կսկսվեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, ինչը թույլ կտա ավելի հստակ ժամանակացույց սահմանել հաջորդ փուլերի համար։

«Այսօրվանից մենք փաստացի մեկնարկում ենք այն, ինչը կարելի է անվանել Վիտոշան փրկելու առաքելություն», - ասել է Շիշկովը:

Նա նշել է, որ գործող լեռնադահուկային վերելակների բացակայության պատճառով այցելուները լեռ հասնելու համար ապավինել են մասնավոր տրանսպորտային միջոցներին, ինչը զգալի վնաս է հասցրել շրջակա միջավայրին:

Շիշկովի խոսքով՝ նպատակն է Վիտոշան վերածել ժամանակակից և հասանելի լեռնային վայրի՝ էկոլոգիապես կայուն մալուխային տրանսպորտի ենթակառուցվածքների վերականգնման միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում