Աբովյանում իրականացվում են կրթական և համայնքային հաստատությունների լայնածավալ վերակառուցումներ

4 րոպեի ընթերցում

Աբովյան համայնքում շարունակվում են կրթական, մշակութային և համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման և արդիականացման խոշոր ծրագրերը, որոնք ընդգրկում են ինչպես մանկապարտեզների հիմնանորոգում, այնպես էլ ճանապարհային ցանցի, կոմունալ համակարգերի և մշակութային կենտրոնների բարելավում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակված ՀՀ կառավարության կայքում, որտեղ նշվում է, որ Աբովյանի թիվ 10 մանկապարտեզում, որը շահագործման էր հանձնվել դեռևս 1980-ականների սկզբին և երբևէ հիմնանորոգում չէր անցել, իրականացվում է ամբողջական վերակառուցում։ Շենքը երկար տարիներ չի գործել՝ սեյսմիկ անվտանգության և ենթակառուցվածքների անբավարար վիճակի պատճառով։

Համայնքի շինարարական աշխատանքների մշտադիտարկման պատասխանատու Արսեն Առուշանյանի խոսքով՝ նախագծի շրջանակում առաջնահերթություն է տրվել շենքի սեյսմիկ կայունության բարձրացմանը․ ամրացվել են հիմքերը, սյուներն ու կրող հեծանները։ Միաժամանակ տեղադրվել են հակահրդեհային նոր համակարգեր և ջրամատակարարման պահուստային լուծումներ, այդ թվում՝ ջրավազան, որը կարող է ամբարել շուրջ 25 տոննա ջուր։

Ներկայում ընթանում են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները։ Մի շարք հատվածներում արդեն ավարտվել են սալիկապատման, աստիճանների կառուցման, ինչպես նաև կոյուղու և ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքները։

Ընդհանուր առմամբ, մանկապարտեզի հիմնանորոգման արժեքը կազմում է շուրջ 834 միլիոն դրամ, որի մոտ 70 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Նախատեսվում է, որ 270 երեխայի համար նախատեսված հաստատությունը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և շահագործման կհանձնվի տարեվերջին։

Կրթական ենթակառուցվածքներին զուգահեռ՝ համայնքում ակտիվ են նաև ճանապարհաշինական աշխատանքները։ Մասնավորապես, հիմնանորոգվում է Սարալանջ թաղամասից դեպի քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհը։ Ներկայում իրականացվում են եզրաքարերի տեղադրման և մայթերի բարեկարգման աշխատանքներ, իսկ առաջնահերթ ուշադրություն է դարձվում դպրոցներ և մանկապարտեզներ տանող ուղիներին։

Արսեն Առուշանյանի խոսքով՝ ծրագրերը ներառում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհների, այնպես էլ գյուղական բնակավայրերն ու արոտավայրերը կապող հատվածների բարելավում։ Նրա խոսքով՝ համայնքում կան 10 գյուղական և 1 քաղաքային բնակավայրեր, որտեղ տարիներ շարունակ ճանապարհները եղել են անբարեկարգ վիճակում, և այժմ դրանք վերականգնվում են փուլային մոտեցմամբ։

Այս տարվա ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 4 միլիարդ դրամը։ Զուգահեռաբար արդիականացվում են փողոցների լուսավորության համակարգերը, իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ, ինչպես նաև նախատեսվում է խմելու ջրի և ոռոգման ցանցերի վերակառուցում։

Համայնքում շարունակվում են նաև մշակութային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Արամուսի մարզամշակութային կենտրոնը, որը տարիներ շարունակ գտնվել է անմխիթար վիճակում, վերանորոգվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

Կենտրոնի տնօրեն Արմեն Կիրակոսյանի խոսքով՝ նախկինում շենքը եղել է խիստ վատ վիճակում՝ առանց բավարար ջեռուցման, լուսավորության և խոնավության խնդիրների լուծման, ինչը հաճախ խոչընդոտել է երեխաների ներգրավվածությանը։ Վերանորոգումից հետո կենտրոնը արդեն գործում է նոր պայմաններում՝ համալրված երաժշտական նոր գործիքներով։

Առաջիկայում նախատեսվում է բացել կերպարվեստի խմբակ, ջութակի բաժին, ինչպես նաև ընդլայնել գրադարանի գործունեությունը։ Ակնկալվում է, որ հաջորդ փուլում սուբվենցիոն ծրագրերով կվերանորոգվի կենտրոնի մնացած հատվածը՝ ապահովելով ամբողջական և ժամանակակից մշակութային միջավայր։

Հայերեն

Երազգավորսում մեկնարկել է 2-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան

Հայաստանը՝ պաշտպանական նորարարության և արհեստական բանականության հանգույց. ԲՏԱ նախարարի ելույթը Փարիզում

Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

ՔՊ-ում վստահեցնում են՝ նոր Սահմանադրության օրակարգից չեն շեղվելու