Հայաստան

Աբովյանում իրականացվում են կրթական և համայնքային հաստատությունների լայնածավալ վերակառուցումներ

4 րոպեի ընթերցում

Աբովյանում իրականացվում են կրթական և համայնքային հաստատությունների լայնածավալ վերակառուցումներ

Աբովյան համայնքում շարունակվում են կրթական, մշակութային և համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման և արդիականացման խոշոր ծրագրերը, որոնք ընդգրկում են ինչպես մանկապարտեզների հիմնանորոգում, այնպես էլ ճանապարհային ցանցի, կոմունալ համակարգերի և մշակութային կենտրոնների բարելավում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակված ՀՀ կառավարության կայքում, որտեղ նշվում է, որ Աբովյանի թիվ 10 մանկապարտեզում, որը շահագործման էր հանձնվել դեռևս 1980-ականների սկզբին և երբևէ հիմնանորոգում չէր անցել, իրականացվում է ամբողջական վերակառուցում։ Շենքը երկար տարիներ չի գործել՝ սեյսմիկ անվտանգության և ենթակառուցվածքների անբավարար վիճակի պատճառով։

Համայնքի շինարարական աշխատանքների մշտադիտարկման պատասխանատու Արսեն Առուշանյանի խոսքով՝ նախագծի շրջանակում առաջնահերթություն է տրվել շենքի սեյսմիկ կայունության բարձրացմանը․ ամրացվել են հիմքերը, սյուներն ու կրող հեծանները։ Միաժամանակ տեղադրվել են հակահրդեհային նոր համակարգեր և ջրամատակարարման պահուստային լուծումներ, այդ թվում՝ ջրավազան, որը կարող է ամբարել շուրջ 25 տոննա ջուր։

Ներկայում ընթանում են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները։ Մի շարք հատվածներում արդեն ավարտվել են սալիկապատման, աստիճանների կառուցման, ինչպես նաև կոյուղու և ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքները։

Ընդհանուր առմամբ, մանկապարտեզի հիմնանորոգման արժեքը կազմում է շուրջ 834 միլիոն դրամ, որի մոտ 70 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Նախատեսվում է, որ 270 երեխայի համար նախատեսված հաստատությունը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և շահագործման կհանձնվի տարեվերջին։

Կրթական ենթակառուցվածքներին զուգահեռ՝ համայնքում ակտիվ են նաև ճանապարհաշինական աշխատանքները։ Մասնավորապես, հիմնանորոգվում է Սարալանջ թաղամասից դեպի քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհը։ Ներկայում իրականացվում են եզրաքարերի տեղադրման և մայթերի բարեկարգման աշխատանքներ, իսկ առաջնահերթ ուշադրություն է դարձվում դպրոցներ և մանկապարտեզներ տանող ուղիներին։

Արսեն Առուշանյանի խոսքով՝ ծրագրերը ներառում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհների, այնպես էլ գյուղական բնակավայրերն ու արոտավայրերը կապող հատվածների բարելավում։ Նրա խոսքով՝ համայնքում կան 10 գյուղական և 1 քաղաքային բնակավայրեր, որտեղ տարիներ շարունակ ճանապարհները եղել են անբարեկարգ վիճակում, և այժմ դրանք վերականգնվում են փուլային մոտեցմամբ։

Այս տարվա ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 4 միլիարդ դրամը։ Զուգահեռաբար արդիականացվում են փողոցների լուսավորության համակարգերը, իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ, ինչպես նաև նախատեսվում է խմելու ջրի և ոռոգման ցանցերի վերակառուցում։

Համայնքում շարունակվում են նաև մշակութային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Արամուսի մարզամշակութային կենտրոնը, որը տարիներ շարունակ գտնվել է անմխիթար վիճակում, վերանորոգվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

Կենտրոնի տնօրեն Արմեն Կիրակոսյանի խոսքով՝ նախկինում շենքը եղել է խիստ վատ վիճակում՝ առանց բավարար ջեռուցման, լուսավորության և խոնավության խնդիրների լուծման, ինչը հաճախ խոչընդոտել է երեխաների ներգրավվածությանը։ Վերանորոգումից հետո կենտրոնը արդեն գործում է նոր պայմաններում՝ համալրված երաժշտական նոր գործիքներով։

Առաջիկայում նախատեսվում է բացել կերպարվեստի խմբակ, ջութակի բաժին, ինչպես նաև ընդլայնել գրադարանի գործունեությունը։ Ակնկալվում է, որ հաջորդ փուլում սուբվենցիոն ծրագրերով կվերանորոգվի կենտրոնի մնացած հատվածը՝ ապահովելով ամբողջական և ժամանակակից մշակութային միջավայր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում