Բուլղարացի բժիշկներն առաջին անգամ կերակրափողի պարանոցային հատվածում կատարել են բարակ աղիքի աուտոտրանսպլանտացիա. BTA
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Սոֆիայի Queen Ioanna-ISUL հիվանդանոցի բուլղարացի վիրաբույժները երկրում առաջին անգամ կատարել են կերակրափողի պարանոցային հատվածի վերակառուցումը բարակ աղիքի փոխպատվաստման միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը (BTA)։
Հիվանդանոցի մամուլի ծառայությունը հայտնել է, որ վիրահատությունը տևել է ավելի քան 10 ժամ. վիրահատվել է կերակրափողի քաղցկեղով տառապող 58-ամյա մի կին։
Հիվանդանոցը վիրահատությունը որակել է որպես բացառիկ բարդ և բարձր մասնագիտացված վիրաբուժական միջամտություն։ Այն համարվում է հազվագյուտ և տեխնիկապես պահանջկոտ միջամտություն նույնիսկ միջազգային չափանիշներով:
Վիրահատության ընթացքում ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների բաժանմունքի թիմն իրականացրել է ուռուցքի արմատական հեռացում՝ ախտահարված մետաստատիկ պարանոցային հատվածի ավշային հանգույցների հետ միասին: Այնուհետև նրանք բարակ աղիքի 20 սանտիմետրանոց հատվածի աուտոտրանսպլանտացիայի միջոցով վերականգնել են պարանոցի շրջանում առկա լայնածավալ արատը։
Լրացուցիչ մարտահրավեր էր հիվանդի կոկորդի հաջող պահպանումը, որը թույլ է տվել պահպանել խոսելու, ուտելու և ինքնուրույն շնչելու ունակությունը։
Բժիշկների երկրորդ թիմը պատրաստել է աղիքային տրանսպլանտատը՝ միաժամանակ վերականգնելով հիվանդի աղիքային համակարգի գործունեությունը։
Հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից վիրահատությունից մեկ ամիս անց։