Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
2 րոպեի ընթերցում

Էներգակիրների գները Եվրոպայում կմնան բարձր մակարդակի վրա առաջիկա տարիներին, քանի որ գլոբալ ճգնաժամի հետևանքները դեռևս լրիվ չափով չեն դրսևորվել, իսկ գազի համաշխարհային ենթակառուցվածքների վերականգնումը ժամանակ կպահանջի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը՝ խոսելով էներգետիկայի ոլորտի վրա Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքների մասին։
«Գնային փոփոխությունները կմնան բարձր նաև առաջիկա տարիներին», - ասել է նա իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում՝ հույս հայտնելով, որ ճգնաժամը կծառայի որպես «տագնապի ահազանգ» և թույլ կտա դասեր քաղել Եվրոպայի էլեկտրաֆիկացման ռազմավարության համար։
«Հակամարտության սկզբից մենք էներգիայի համար օրական ծախսել ենք միջինը 645 միլիոն եվրոյով ավելի, - նշել է Յորգենսենը։ - Կան հետևանքներ, որոնք մենք դեռ չենք տեսել, քանի որ դրանք գներում դեռևս հաշվի չեն առնվել էներգետիկայի, ինչպես նաև պարարտանյութերի արտադրության ոլորտում։ Դրանք կշարունակեն ազդել մեզ վրա ապագայում»։
Խոսելով համաշխարհային էներգետիկ շուկաներում բնականոն իրավիճակին վերադառնալու ժամկետների մասին՝ եվրահանձնակատարը նշել է տարբեր հեռանկարներ նավթի և գազի հատվածների համար։
«Ինչ վերաբերում է նավթին, հուսով եմ, որ այդ ժամանակահատվածը կլինի ավելի շատ երկու ամիս, քան մեկ տարի։ Ակնհայտ է, որ ենթակառուցվածքները վնասվել են, բայց դրանք կարող են արագ վերանորոգվել։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև տեղափոխման ժամանակը, այնպես որ, իրավիճակը չի լուծվի մեկ վայրկյանում։ Իսկ ահա գազի հատվածում, կարծում եմ, կպահանջվի մոտ երկու տարի», - նշել է նա: