ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ամերիկացի լրագրող Մեգին Քելլիի հետ հարցազրույցում։
«Սա տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է։ Այն կներառի Պարսից ծոցը, կներառի Իսրայելը, կներառի Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է», - ասել է նա։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանին գումար տրամադրելուն՝ Վենսը նշել է, որ ամերիկյան կողմից որևէ գումար չի տրամադրվի Իրանին։
«Ես ուզում եմ շատ, շատ հստակ լինել։ Նույնիսկ եթե իրանցիներն անեն այս գործարքով նախատեսված ամեն ինչ, ամերիկյան ոչ մի լումա չի հոսի դեպի Իրան, - նշել է Վենսը։ - Մենք ասում ենք, որ եթե իրանցիները փոխեն իրենց վարքագիծը, մենք որոշ երկրների թույլ կտանք ներդրումներ կատարել նրանց երկիրը վերականգնելու և նրանց ժողովրդի համար որոշակի բարգավաճում ստեղծելու գործում: Եթե իրանցիները դադարեն ֆինանսավորել ահաբեկչությունը, եթե նրանք լավ պահեն իրենց և փոխակերպեն իրենց հարաբերությունները ոչ միայն մեզ հետ, այլև ամբողջ տարածաշրջանի հետ, դա տոնելու բան է»։
Վենսը նաև նշել է, որ եթե իրանցիները ցանկանում են օգտվել գործարքի առավելություններից, ուրանի հարստացումը, ինչպես նաև ստուգումները բանակցությունների սեղանին կլինեն։
Նա նաև անդրադարձել է Իսրայելի կողմից համաձայնագրի առնչությամբ դժգոհություններին ու քննադատություններին։
Վենսի խոսքով՝ նրանք, ովքեր համաձայն չեն ԱՄՆ-Իրան համաձայնագրի հետ, ըստ էության, աջակցում են անվերջ հակամարտությանը։
«Նրանք առաջարկում են անվերջ հակամարտություն. նրանք ցանկանում են, որ այն շարունակվի, մինչև բոլոր ռումբերը նետվեն կամ բոլոր իրանցիները սպանվեն։ Դա այն չէ, ինչ Միացյալ Նահանգների նախագահն է ուզում։ Ինձ թվում է, որ քննադատողները նախ հաշվի չեն առնում (փաստաթղթի) իրական բովանդակությունը, և երկրորդ՝ նրանք չեն կարող այլընտրանք առաջարկել։ Եթե այլընտրանքը ռումբեր նետելն է՝ առանց որևէ հստակ նպատակի և առանց Միացյալ Նահանգների հստակ շահերը հաշվի առնելու, ապա դա չի կարող համարվել ամերիկյան ժողովրդի անունից կայացված իմաստուն որոշում», - ասել է Վենսը։
«Նախագահն ասաց, որ մինչև ուրբաթ, հնարավոր է՝ վաղը, մենք հրապարակելու ենք փոխըմբռնման հուշագրի տեքստը։ Այն դեռևս չհրապարակելու պատճառն այն է, որ տեղի են ունենում որոշ նուրբ դիվանագիտական գործընթացներ, որտեղ իրանցիները, և ոչ միայն իրանցիները, այլև մեր որոշ միջնորդներ, պակիստանցիներն ու կատարցիները խնդրել են մեզ ճիշտ հաջորդականությամբ կարգավորել այս ամենը», - շեշտել է նա։
Հունիսի 19-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ն և Իրանը 60 օրվա ընթացքում բանակցություններ կվարեն վերջնական համաձայնագրի շուրջ։