Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը վստահեցրել է, որ հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն

3 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը վստահեցրել է, որ հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ հայկական որոշ ապրանքների Ռուսաստան ներմուծման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Դանկվերտն այդ մասին հայտարարել է Российская газета-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը արտադրության կազմակերպման և դրա նկատմամբ վերահսկողության մեջ է։ Դանկվերտն ասել է, որ Հայաստանում աշխատում են շատ փոքր ֆերմերներ, որոնք իրենց արտադրանքն արտահանում են։ «Սակայն արտադրության և առաքման արանքում ֆիզիկապես բացակայում է ներքին վերահսկման և կոոպերացիայի համակարգը։

«Մեկ մեքենայում հավաքում են հազարավոր կապ կանաչեղեն, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն այդ հսկայածավալ արտադրանքը։ Սա ֆիզիկապես անհնար է», - ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը։

Դանկվերտն ընդգծել է, որ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը պետք է տեղի ունենա անմիջապես արտադրության փուլում։ Նա հավելել է, որ համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է կոոպերացիա, արտադրական վերահսկողություն, ինչպես նաև արտադրողների միավորման պատասխանատվությունը։

«Հենց սա է այսօր պակասում։ Դրա համար սահմանափակումների պատճառներն արտադրանքի որակի և անվտանգության հարթությունում են, այլ ոչ թե քաղաքականության»,- ասել է Դանկվերտը։

Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։ 

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ներմուծման այս արգելքների ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները դեպի Եվրոպական միության և այլ շուկաներ։ 

Եվրամիությունն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը տնտեսական ճնշումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ և պատրատակամություն է հայտնել աջակցել Հայաստանին։ ԵՄ-ն հայտնել է Հայաստանին աջակցելու փաթեթի նախապատրաստման մասին, որի շրջանակներում Հայաստանին հրատապ 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրվի։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում