2028 թվականից սկսած կենսաթոշակները կվերանայվեն և առնվազն գնաճի չափով կինդեքսավորվեն․ վարչապետ
3 րոպեի ընթերցում

2028 թվականից սկսած՝ Հայաստանում կենսաթոշակները կվերանայվեն և առնվազն գնաճի չափով կինդեքսավորվեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ կենսաթոշակների բարձրացման որոշումը կայացվել է 2026 թվականին՝ 2025 թվականի տնտեսական ցուցանիշների հիման վրա։ Նրա խոսքով՝ 2025 թվականի համար ինչպես միջազգային և հայաստանյան կառույցները, այնպես էլ պետական բյուջեն կանխատեսել էին ավելի ցածր տնտեսական աճ, սակայն փաստացի ցուցանիշը շուրջ 2 տոկոսով գերազանցել է կանխատեսումը։
«2026 թվականի փետրվարին Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց մեր տնտեսական աճի ցուցանիշները, և պարզվեց, որ տնտեսական աճը մոտ 2 տոկոսով գերազանցում է կանխատեսված ցուցանիշը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշի վրա ազդեցություն են ունեցել նաև 2025 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Վաշինգտոնում խաղաղության հաստատումը։
Փաշինյանի խոսքով՝ Կառավարության համար քաղաքական կարևոր խնդիր է, որ տնտեսական աճի մասին հնչող ցուցանիշները քաղաքացիները տեսնեն իրենց կյանքում։
«Երբ Հայաստանի պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում, կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ հենց այդ տրամաբանությամբ է որոշվել, որ տնտեսական աճի կանխատեսվածից բարձր ցուցանիշին առաջին արձագանքը պետք է լինի կենսաթոշակների բարձրացումը։
Վարչապետը շեշտեց, որ առաջին անգամ Հայաստանում միջին կենսաթոշակը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից։
«Առաջին անգամ մենք ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ Հայաստանի Հանրապետությունում, քան նվազագույն սպառողական զամբյուղն է»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ կենսաթոշակների բարձրացման հետ կապված ցանկացած որոշում ենթադրում է մեծ բյուջետային ծախսեր՝ հաշվի առնելով կենսաթոշակառուների թիվը։
Փաշինյանի խոսքով՝ կառավարության հանձնառությունն է 2028 թվականից սկսել կենսաթոշակների վերանայման և ինդեքսավորման գործընթացը։
«2028 թվականից սկսած՝ մենք կվերանայենք և առնվազն գնաճի չափով կինդեքսավորենք կենսաթոշակը, որպեսզի այս սոցիալական նշաձողից մենք ներքև այլևս երբեք չիջնենք»,- հայտարարեց վարչապետը։