Իրան

ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդող բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը կկարողանան Հորմուզի նեղուցով անցնել առանց տուրքերի վճարման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ի հետ հարցազրույցում։

«Համաձայնագրում ասվում է, որ 60 օրվա ընթացքում, մինչ մենք կբանակցենք վերջնական համաձայնագրի շուրջ, Հորմուզի նեղուցի մուտքն ու ելքը կլինի առանց տուրքերի», - ասել է նա։

Փոխնախագահը նշել է, որ Հորմուզի նեղուցով անվճար անցման մակարդակն արդեն իսկ զգալիորեն ավելացել է, որ նեղուցով անցնում է մեծ քանակությամբ նավթ, և նավթի գինը 120 դոլարից հասել է 83 դոլարի։

Վենսի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ ջրային ճանապարհով անցումը կմնա անվճար վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։

«Բանակցությունների ընթացքում հարց է առաջացել՝ ի՞նչ անել, եթե նավը փչանա։ Կլինի՞ սպասարկման վճար, եթե նավը պետք է քարշակվի։ Դա բոլորովին այլ հարց է։ Գուցե, իրանցիները սա նկատի ունեն։ Մենք նրանց հստակ ասել ենք, որ թույլ չենք տա մի համակարգ, որը նավերից վճարներ կպահանջի Հորմուզի նեղուցով անցնելու համար», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Իրանի արտգործնախարարությունից հունիսի 15-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը թույլ կտա սպասարկման վճարներ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից, և դա չի լինի տուրքերի գանձում։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում