5 րոպեի ընթերցում
Բելգիայում գտնվող բարձրակարգ երաժշտական կրթօջախներից մեկը՝ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան, ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի հետ։ Մշակութային կապերն ամրապնդելու և նոր գործընկերություններ հաստատելու նպատակով Հայաստանում է գտնվում Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը նշեց, որ բավականին հագեցած օրակարգ է սպասվում՝ հանդիպումներ, համերգային ծրագիր։
«Մեր նպատակն է կամուրջներ ստեղծել Բելգիայի ու Հայաստանի ինչպես հաստատությունների, այնպես էլ ժողովուրդների, մասնագետների միջև։ Գրեգոր Շապելը Հայաստանում է՝ օգնելու նոր կամուրջ ստեղծել երկու երկրների համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Հայաստանն ունի մշակութային հիանալի հաստատություններ, վերջին տարիներին փորձել ենք կապեր ստեղծել բելգիացի գործընկերների հետ։ Եվ հիմա ցանկանում ենք ամրապնդել կապերը հայաստանյան կառույցների ու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի միջև»,-ասաց դեսպանը։
1939 թվականին Բելգիայի Էլիզաբեթ թագուհու հովանու ներքո հիմնադրված Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան միջազգային ճանաչում ունի դասական երաժշտության ասպարեզում։ Այն լավ հնարավորություն է երիտասարդ արտիստների համար։ Երաժշտական կապելլան ամեն տարի ամենատարբեր երկրներից հյուրընկալում է բազմաթիվ արտիստների, որոնց հետ աշխատում են միջազգային ճանաչում ունեցող մասնագետները։ Կապելլայի առաքելության հիմքում ընկած է երաժշտական վարպետության փոխանցումը սերունդներին։ Նախկինում Հայաստանից առանձին անհատներ դիմել են և իրենց կրթությունը ստացել են այս հեղինակավոր կրթօջախում։ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելը նշեց, որ հիմա փորձ է արվում գործընթացը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել և պետական կառույցների ու գործընկերների համագործակցությամբ ավելի շատ երիտասարդների ուղղորդել դեպի հաստատություն։
«Ես սա բարեկամության ոչ թե սկիզբ, այլ շարունակություն եմ համարում։ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի ու հայերի միջև համագործակցությունը ծագել է դեռ 1939 թվականից։ Հայտնի է, որ դեռ այդ ժամանակից Էլիզաբեթ թագուհու ու կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի միջև ջերմ հարաբերություններ կային։ Սա հաշվի առնելով՝ մենք կարող ենք ասել, որ այստեղ ենք ոչ թե նոր կապեր հաստատելու, այլ շարունակելու հարաբերությունները»,-ասաց Գրեգոր Շապելը։
Հայաստան-Բելգիա մշակութային կապերն ամրապնդելու, համագործակցությունն ընդլայնելու գործում մեծ դեր ունեն Բելգիայում ապրող հայերը, հայկական սփյուռքը։ Այս նոր համագործակցության կամուրջի ձևավորման գործում իր ներդրումն ունի ՀԲԸՄ-ն, որը բազմաթիվ կրթական ծրագրերով խրախուսում է երիտասարդ մասնագետներին։ ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը նշեց, որ այս տարին ՀԲԸՄ-ի համար խորհրդանշական է, որովհետև տոնում են կառույցի հիմնադրման 120-ամյակը։
«Մենք մի քանի ուղղություններով ենք աշխատանք տանում, այդ թվում՝ կրթություն, մշակույթ։ Եվ ահա Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի հետ համագործակցությունը պատահական չէ։ Մենք տրամադրում ենք դրամաշնորհներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կատարողական արվեստի։ Մինչ այդ ևս ունեցել ենք մեր դրմաշնորհներով երաժշտական կապելլայում կրթությունը շարունակողներ, այնպես որ ակնկալվում է, որ ավելի շատ դիմորդներ կլինեն, մենք էլ կքննարկենք աջակցության հնարավորությունները»,-ասաց Վազգեն Յակուբյանն՝ ընդգծելով, որ Հայաստանում իրականացվող ծրագրերում մեծ է սփյուռքի ներգրավվածությունը։
Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում կրթություն ստանալու համար Հայաստանի երաժիշտները կարող են դիմել 6 մասնագիտություններից որևէ մեկի գծով՝ դաշնամուր, թավջութակ, ջութակ, ալտ, կամերային երաժշտություն, վոկալ։ Դիմումներն ընդունվում են պաշտոնական կայքի միջոցով, այնուհետև դիմորդ արտիստներն ուղարկում են իրենց կատարողականի ձայնագրությունները, որից հետո հրավիրվում են Բելգիա՝ լսումների։ Ընդունելությունը բավականին մրցակցային է։ Ընդունվողները սովորում են 3 տարի։