Սպորտ

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության (IKO) նախագահ Շոկեյ Մացուիին, Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանուկյանին և Հայաստանի Կյոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 13-15-ը Գյումրիում ընթացող Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությանն առնչվող հարցեր։

Դավիթ Առուշանյանը ողջունել է հյուրերին և հաջողություն մաղթել առաջնության կազմակերպման ու անցկացման գործում։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը Գյումրիում։ Այսօր մեր հանդիպմանը ներկա է նաև որդիս, առաջնությունը կարևոր իրադարձություն է նաև նրա համար։ Բնականաբար, այն ոչ միայն Շիրակի մարզի, այլև ողջ Հայաստանի մարզական կյանքում նշանակալի նախաձեռնություն է։ Վստահ եմ, որ առաջնությունը կնպաստի մեր երկրի մարզական հեղինակության ամրապնդմանը միջազգային հարթակներում։ Գյումրին չեմպիոնների քաղաք է, համոզված եմ, որ մեր մարզական ավանդույթները շարունակական են լինելու», - ասել է նա։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և ցուցաբերած աջակցության համար։

Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահ Շոկեյ Մացուիին ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ ունեցած վստահությունը, ինչպես նաև Գյումրու՝ հարուստ մարզական ավանդույթներով և սպորտային նշանակալի ձեռքբերումներով քաղաքի համբավը, կարևոր դեր են ունեցել Ասիայի առաջնությունը հենց Գյումրիում անցկացնելու որոշման կայացման գործում։

Գյումրիում Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությանը մասնակցում են 18 երկրներից ավելի քան 540 մարզիկներ։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում