Հայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը համապատասխան նախագծին հավանություն տվեց հունիսի 11-ի նիստում։

«Ընտանիքի անապահովության գնահատման կարգում փոփոխություններ կատարելու» մասին հարցի զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկար տարիներ գործել է այսպես կոչված «փարոս» համակարգը։

«Անցած տարվա ապրիլից մենք նոր համակարգ ենք ներդրել Կոտայքի և Սյունիքի մարզերում, որը փորձնական էր, և այս որոշմամբ տալիս ենք այս փորձնական համակարգի իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծումները։ Ընդհանուր առմամբ, այս համակարգը Հայաստանում գործելու է հուլիսի 1-ից»,-մանրամասնեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 1-ից արդեն բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում ընտանիքների դիմումները ստանալիս՝ դրանք գնահատվելու են արդեն նոր համակարգով։

«Նոր համակարգն ավելի շատ միտված է ոչ թե մարդկանց այս համակարգում պահելուն, այլ դուրս բերելուն՝ աշխատանքի, կրթության և այլ գործիքների միջոցով։ Մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նա պարզաբանեց, որ, օրինակ, 2017 թվականին «փարոս» համակարգում եղել է մոտ 100 հազար ընտանիք, իսկ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք։  Թորոսյանի բնորոշմամբ՝ սա խոսում է նաև աշխատատեղերի ստեղծման և մարդկանց կենսամակարդակի բարձրացման մասին։

Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի, և գոհունակություն արտահայտեց, որ այդ գործընթացը չի դանդաղեցվել կամ կանգնեցվել։

«Այս բարեփոխումն ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է ջանքեր գործադրի՝ քաղաքացիներին հնարավորինս մղելու դեպի աշխատանքը, այլ ոչ թե պետության կողմից տարբեր ձևերով աջակցություն ստանալը։

Փաշինյանը մատնանշեց, որ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշը ձգտում է 0-ի։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների պահանջից, այն է՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը: Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

«Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը»,- ասված է հիմնավորման մեջ:

Հայերեն

«Նոա»-ն հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում

Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ

Մարտերի ժամանակ ծանր վիրավորումների պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձինք կարող են դիմել պայմանագրային ծառայության համար

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում

Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին

Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա

Անհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. Փաշինյան