Լիբանանյան թնջուկի հանգուցալուծումը շարունակում է կախված մնալ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնությունից․ Շահան Գանտահարյան
5 րոպեի ընթերցում
Բեյրութում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ընդհանուր հրադադարը դյուրաբեկ է, խախտվող, սակայն մեծ հաշվով պահպանվում է, բայց նույնը չի կարելի ասել Լիբանանի պարագայում, որի հարավային հատվածների դեմ ուղղված իսրայելական զինուժի գործողություններն ավելի ակտիվ են։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին իսրայելական զինուժի կողմից հատկապես թիրախավորվել է Լիբանանի հարավում գտնվող Սուր քաղաքը։ Թեև ռազմական գործողությունները գլխավորապես կենտրոնացել են Լիբանանի հարավային հատվածների ուղղությամբ, սակայն երբեմն հարվածներ են հասցվում նաև մայրաքաղաք Բեյրութի արվարձաններին։
«Դրանք նախորդ երկու օրերին չեն հրթիռակոծվել, սակայն Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանի հարավի ուղղությամբ, իսկ «Հըզբոլլահ»-ը հակադարձում է։ Շատ է խոսվում Իրան-ԱՄՆ հրադադարի մասին, բայց դա նույնպես խախտվեց։ Չնայած պատերազմը ծավալային առումով չի վերադառնում իր նախկին չափերին, բայց փոխադարձ հարվածները շարունակվում են։ Այժմ լիբանանյան թնջուկն այս ընդհանուր տարածաշրջանային հակամարտության համատեքստում և՛ ածանցված է, և՛ անջատ, առավել ևս, որ վերջին օրերին շատ խոսվեց Թրամփ-Նեթանյահու հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահն Իսրայելի վարչապետին կոշտ ձևով հրահանգել էր կասեցնել հարձակումները Լիբանանի ուղղությամբ։ Դրանից հետո իսրայելական կողմի ծրագիրը, որի համաձայն՝ պետք է շարունակաբար թիրախավորվեր Բեյրութը, առկախվեց։ Մինչ այդ նաև Իրանն էր սպառնացել, որ Բեյրութի հրթիռակոծման դեպքում ինքն էլ կհրթիռակոծի Իսրայելի հյուսիսային հատվածը։ Դրանից հետո իրադարձություններն ընթացան գործողություն-հակագործողություն կշռույթով ու ձևաչափով»,- ասաց Գանտահարյանը։
Նա հավելեց, որ Բեյրութում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է, թեև ԱԹՍ-ներն անվերջ շրջագայում են լիբանանյան տարբեր տարածքների վրա, իսկ կոնկրետ հարավում Իսրայելի բանակն իր հարվածային ուժը կենտրոնացրել է Սուր քաղաքի ուղղությամբ։
«ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարեց, որ հունիսի վերջին կլինի ընդհանուր համաձայնություն, Թրամփն էլ հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումն օրերի հարց է, բայց այդ ամենը խախտվեց Իրան-ԱՄՆ վերջին փոխգործողությունների պատճառով։ Եթե ընդունենք, որ կա համաձայնության հավանականություն, ապա Իսրայելն այդ դեպքում շտապում է, որպեսզի մինչև այդ համաձայնությունը կարողանա ձևավորել իր անվտանգության գոտին։ Վաշինգտոնում Լիբանանի ու Իսրայելի դեսպանների մակարդակով ընթանում են բանակցություններ։ CNN-ին տված հարցազրույցում Լիբանանի նախագահը իր հերթին Իրանին կոչ արեց, որ Լիբանանը չվերածի ռազմադաշտի։ Դրան հակադարձեց Իրանի արտգործնախարարը՝ ասելով, որ նախագահն իր կոչն ու պահանջները հղի Իսրայելին, այն երկրին, որն օկուպացրել է Լիբանանի հարավային որոշ տարածքներ»,- նշեց մեր զրուցակիցը։
Իսկ ինչ վերաբերում է ներլիբանանյան դաշտին, ապա, Գանտահարյանի խոսքով, այն միանշանակ դիրքորոշում չունի։ «Հըզբոլլահ»-ն ու շիա համայնքը համաձայն չեն, որ լինեն ուղիղ բանակցություններ, առաջ են քաշում նախապայման, ըստ որի՝ իսրայելական զինուժը պետք է դադարեցնի հարձակումները Լիբանանի վրա։ Իրանն էլ պնդում է, որ չի լինի համաձայնություն, եթե արտաքին ճակատներում ևս կրակը չդադարեցվի՝ առաջին հերթին Լիբանանում։
«Պաշտոնական Բեյրութն ամեն կերպ փորձում է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը, սակայն գետնի վրա ինքնուրույն չի կարողանա գնալ համաձայնության, քանի դեռ չեն լուծվել ներլիբանանյան հակասությունները, հետևաբար այժմ էլ շատ բան կախված է Իրան-ԱՄՆ ընդհանուր համաձայնությունից, որը եթե կոնկրետանա ու առարկայանա, և Միացյալ Նահանգների շահերից բխի այդ համաձայնության մեջ նաև լիբանանյան հատվածի ներառումը, ապա այդ դեպքում գետնի վրա իրավիճակը կփոխվի, և Վաշինգտոնն ավելի լրջորեն ճնշում կգործադրի Իսրայելի վրա, որպեսզի դադարեցնի հարձակումները հարևան երկրի վրա»,- եզրափակեց Գանտահարյանը։