Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար
2 րոպեի ընթերցում

Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու` Չեխիայի նախաձեռնությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ամփոփելով իր չեխ գործընկեր Յարոմիր Զունայի հետ հունիսի 9-ին Բեռլինում կայացած հանդիպումը։
Պիստորիուսի խոսքով՝ այդ միջոցները պետք է բավարարեն Կիևի համար մոտավորապես 50 000 միավոր զինամթերք գնելուն։
Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերին զինամթերք մատակարարելու նպատակով չեխական նախաձեռնության խոշորագույն դոնորն է. դրան 2025 թվականին հատկացվել է, ընդհանուր առմամբ, 1 միլիարդ եվրո։
Ուկրաինայի ԶՈւ-ի համար երրորդ երկրներից զինամթերք գնելու չեխական նախաձեռնությունն սկսել է աշխատել 2024 թ. փետրվարին՝ երկրի նախկին վարչապետ Պետր Ֆիալայի աջակցությամբ։ 2025 թ. դեկտեմբերին նոր վարչապետ Անդրեյ Բաբիշի իշխանության գալուց հետո Չեխիան քննարկել է նախաձեռնության ամբողջական չեղարկման հնարավորությունը։ Սակայն, ի վերջո, կառավարությունը համաձայնել է դրա իրագործմանը՝ պայմանով, որ Պրահան իր ֆինանսական ներդրումը չի ունենա։
Մայիսի վերջին Չեխիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ընթացիկ պայմանագրերը ենթադրում են մինչև 2026 թ. վերջը Ուկրաինայի ԶՈւ-ին շուրջ մեկ միլիոն արկի մատակարարում: Տարվա սկզբին ուկրաինացի զինվորականներն արդեն ստացել են շուրջ 500 000 զինամթերք:
Միևնույն ժամանակ, Չեխիայի նախագահ Պետր Պավելը Financial Times-ի հետ հարցազրույցում նշել է, որ զինամթերքի գնումը ֆինանսավորող երկրների թիվը 2025 թվականից ի վեր կրկնակի կրճատվել է՝ 18-ից հասնելով 9-ի: Նրա խոսքով՝ նախաձեռնության ապագան կքննարկվի հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: