«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել
3 րոպեի ընթերցում
«Հայաստան» դաշինքը բողոքներ է ներկայացրել՝ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մի քանի ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելու պահանջով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Նույն պահանջով դիմել են նաև մեր մյուս ընդդիմադիր գործընկերները։ Առաջիկա օրերին՝ մինչև շաբաթվա վերջ, հանրապետության մի շարք տեղամասերում տեղի են ունենալու այդ վերահաշվարկները»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարել է, որ տարբեր տեղամասերում արձանագրված արդյունքների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների միջև գոյություն ունի անհամապատասխանություն։
«Այս վերահաշվարկների արդյունքում մենք, բնականաբար, փոփոխություններ ակնկալում ենք։ Ճիշտ է, չենք կարող հանրապետության տարածքում տեղակայված բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնել, բայց այն տեղամասերում, որտեղ մեր գործընկերներն ակնհայտ տեսել են կամ զգացել են, որ խախտումներ կարող են տեղի ունեցած լինել, դիմել են վերահաշվարկի»,-նշել է Սաղաթելյանը՝ մանրամասնելով, որ վերահաշվարկ իրականացվում է մոտ 2 տասնյակ տեղամասերում։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին այլ քաղաքական ուժեր ևս։