Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
3 րոպեի ընթերցում

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններում 20։00-ից հետո զինծառայողների քվեարկության մասին հրապարակումներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԳՇ պետը վստահեցրել է, որ դա իրականացվել է օրենսդրության սահմաններում։
«Զինվորները քվերակել են օրենսդրության սահմաններում»,-ասել է Ասրյանն՝ արձագանքելով լրագրողների համապատասխան հարցին։
Նա հավելել է, որ համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների՝ կապ չունի զինվոր է, թե հասարակ քաղաքացի, գտնվում է ընտրական տեղամասի տարածքում, նրան թույլատրվում է շարունակել իր սահմանադրական պարտականությունը։
Նա նաև ընդգծել է, որ մնացած այլ հարցերը պետք է ուղղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ պատկան մարմիններին։
«Մեր զինծառայողներն ընտրական տեղամասի տարածքում են եղել սահմանված ժամին, այսինքն՝ ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս»,-ընդգծել է Ասրյանը։
Նախօրեին այս թեմային անդրադարձել էր նաև ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է եղել ընտրատեղամասերում աշխատանքի դանդաղ կազմակերպման հետ։
«Երեկոյան 20։00-ից շուտ զինվորները եղել են ընտրատեղամասի դռան դիմաց՝ սպասելով իրենց հերթին, և այստեղ առաջացել է խնդիր՝ կամ փակել ընտրատեղամասի դուռը զինվորականների համար և չթողնել, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը, կամ նրանց ներս թողնել»,-նշել է Հովակիմյանը՝ շեշտելով, որ այդ զինվորականները վաղուց սպասելիս են եղել ընտրատեղամասերի դիմաց և չեն կարողացել պարզապես ներս մտնել՝ պայմանավորված ընտրատեղամասում առկա հերթերով։
Նա հավելել է, որ նման խնդիր եղել է ընդամենը 2 ընտրատեղամասում։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին մի քանի այլ քաղաքական ուժեր ևս։