Կառավարությունը կսկսի հաջորդ 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կրթական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը շարունակում են մնալ պետական բյուջեի կարևոր առաջնահերթություններից, իսկ դպրոցաշինության ծրագրի ֆինանսավորումն արդեն գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ հաջողությամբ շարունակվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։

«2025 թվականի պետական բյուջեի կարևոր արդյունքներից է նաև այն, որ մենք հաջողությամբ շարունակեցինք և շարունակում ենք 300 դպրոց, 500 մանկապարտեզի ծրագիրը, և այս պահին արդեն շինարարական պրոցեսի մեջ է 374 դպրոց»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի ավարտը ավարտին հասցնել 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը, որից հետո մեկնարկելու է հաջորդ փուլը։

«Մենք պլանավորում ենք 300 դպրոցը ավարտել 2026 թվականին և միանգամից կսկսենք հաջորդ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը»,-նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ դպրոցաշինության ծրագրի ֆինանսավորման ծավալները վերջին տարիներին զգալիորեն աճել են։

«Այս ծրագրի հատկացումներն արդեն գերազանցում են 1 միլիարդ դոլարը։ Այսինքն՝ մենք ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար հատկացրել ենք դպրոցաշինության ծրագրին, և սա, կարծում եմ, նույնպես բյուջետային շատ կարևոր ցուցանիշ է»,-ընդգծել է նա։

Վարչապետը հավելել է, որ նշված արդյունքը ձևավորվել է 2021 թվականից մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքում։

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտին՝ Փաշինյանը նշել է, որ շարունակվում է նաև 500 մանկապարտեզի ծրագիրը։

«500 մանկապարտեզների ծրագիրն իրականացվում է և շատ հաջողությամբ է իրականացվում։ Ես գնահատում եմ ծրագրի ընթացքը հաջող, և մենք վստահ ենք, որ այս տարի 500 մանկապարտեզ կունենանք ավարտած»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը կնպաստի նախադպրոցական կրթության հասանելիության էական ընդլայնմանը։

«Մեր երեխաների հասանելիությունը մանկապարտեզներին էականորեն կաճի»,-նշել է Փաշինյանը։

Հայերեն

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Սևան քաղաքի երեք փողոց հիմնանորոգվում է

Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին

Սևանի երաժշտական դպրոցի սաները հյուրընկալվել են մայրաքաղաքի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում

ԵՄ-ի կողմից հայկական գյուղմթերքի համար շուկայի բացումը քաղաքական որոշման արդյունք է․ Միրզոյան

ԲՀԿ-ն կդիմի վերահաշվարկի համար՝ չբացառելով նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը

ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը

«Հայաստան» խմբակցության պատգամավորը շնորհակալություն է հայտնել ընտրություններում իրենց թիմի նկատմամբ ունեցած վստահության համար

Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք․ Միրզոյան