Կրթություն

Կառավարությունը կսկսի հաջորդ 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը կսկսի հաջորդ 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կրթական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը շարունակում են մնալ պետական բյուջեի կարևոր առաջնահերթություններից, իսկ դպրոցաշինության ծրագրի ֆինանսավորումն արդեն գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ հաջողությամբ շարունակվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։

«2025 թվականի պետական բյուջեի կարևոր արդյունքներից է նաև այն, որ մենք հաջողությամբ շարունակեցինք և շարունակում ենք 300 դպրոց, 500 մանկապարտեզի ծրագիրը, և այս պահին արդեն շինարարական պրոցեսի մեջ է 374 դպրոց»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի ավարտը ավարտին հասցնել 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը, որից հետո մեկնարկելու է հաջորդ փուլը։

«Մենք պլանավորում ենք 300 դպրոցը ավարտել 2026 թվականին և միանգամից կսկսենք հաջորդ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը»,-նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ դպրոցաշինության ծրագրի ֆինանսավորման ծավալները վերջին տարիներին զգալիորեն աճել են։

«Այս ծրագրի հատկացումներն արդեն գերազանցում են 1 միլիարդ դոլարը։ Այսինքն՝ մենք ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար հատկացրել ենք դպրոցաշինության ծրագրին, և սա, կարծում եմ, նույնպես բյուջետային շատ կարևոր ցուցանիշ է»,-ընդգծել է նա։

Վարչապետը հավելել է, որ նշված արդյունքը ձևավորվել է 2021 թվականից մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքում։

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտին՝ Փաշինյանը նշել է, որ շարունակվում է նաև 500 մանկապարտեզի ծրագիրը։

«500 մանկապարտեզների ծրագիրն իրականացվում է և շատ հաջողությամբ է իրականացվում։ Ես գնահատում եմ ծրագրի ընթացքը հաջող, և մենք վստահ ենք, որ այս տարի 500 մանկապարտեզ կունենանք ավարտած»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը կնպաստի նախադպրոցական կրթության հասանելիության էական ընդլայնմանը։

«Մեր երեխաների հասանելիությունը մանկապարտեզներին էականորեն կաճի»,-նշել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում