Տնտեսություն

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին դրան նախորդող տարվա համեմատ աճել են 11 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին դրան նախորդող տարվա համեմատ աճել են 11 տոկոսով

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի արդյունքներով  կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ  500 միլիոն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11 տոկոսով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի է 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648.8 միլիարդ դրամով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի արդյունքներով  կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ  500 միլիոն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11 տոկոսով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի է 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648.8 միլիարդ դրամով։ Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև արձանագրվում է, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն՝ ավելացել է շուրջ 135 տոկոսով։

Սա, կարծում եմ, որ շատ կարևոր և էական ցուցանիշ է, և այս ցուցանիշի համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել  Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև ՀԴՄ պահանջող և դուրս գրող քաղաքացիներին և տնտեսվարողներին։ Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր ընտանեկան բյուջեն է, և մեզնից յուրաքանչյուրը հենց այսպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետական բյուջեի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետական բյուջեի ծախսերը ևս էականորեն աճել են. ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որը 2017 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, աճել է 120 տոկոսով։

«Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը՝ 190 տոկոսով։ Սա, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրության է արժանի, որովհետև հենց այս ծախսերով է, որ մենք իրականացնում ենք այն տեսանելի ծրագրերը, որոնց մասին խոսում ենք և որոնցով հպարտանում ենք»,- նշել է ՀՀ վարչապետը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում