Մենք թևակոխել ենք նոր որակի պետություն ստեղծելու գործընթաց․ Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի գործող իշխանությունը նոր որակի պետություն ստեղծելու գործընթաց է սկսել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն այդ մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

«Մենք թևակոխել ենք նոր որակի պետություն ստեղծելու գործընթաց։ Եվ նոր որակի պետությունն ունի մի քանի կարևոր բնորոշիչներ։ Այդ բնորոշիչներից առաջնայինն այն է, որ պատմության և իրականության միջև տեղի է ունեցել սահմանազատում և սահմանագծում, ինչը նշանակում է, որ պատմությունը մեզ համար ոչ թե ապագայի մեջ մտնելու խոչընդոտ է, այլ ապագայում, որն այսօր է, անցյալի ողբերգությունները և ձախողումները չկրկնելու ուղեցույց։ Այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք 2022 թվականից ի վեր, մեր պատմությունն ընթերցելու, վերընթերցելու, վերլուծելու արդյունք է։ Եվ այսօր պատիվ ունեմ ձեզ զեկուցել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի»,-  ասել է Փաշինյանը։  

Նրա խոսքով՝ նոր որակի պետություն նշանակում է նոր որակի կրթություն, նոր որակի սոցիալական ապահովություն,  նոր որակի տնտեսություն։ «Այսօր Հրազդանում մեծ տեմպերով կառուցվում է արհեստական բանականության գործարան, հիմա արդեն Գագարինում պատրաստ է և առաջիկա օրերին բացվելու է արհեստական բանականության առաջին գործարանը, որը ավելի փոքր մասշտաբ ունի, բայց սա էլ շատ մեծ իրադարձություն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մայիսի 31-ին քարոզարշավն անցկացնում են Երևանում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան այցելելուց  առաջ նրանք Նորք-Մարաշ վարչական շրջանում էին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։  

Հայերեն Русский