Քաղաքականություն

ՀՀ վարչապետը մանրամասնել է ԱՄՆ-ի հետ ստորագրած հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ոլորտում հուշագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մանրամասնել է ԱՄՆ-ի հետ ստորագրած հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ոլորտում հուշագիրը

Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի թղթակցի՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագրին վերաբերող հարցին։   

«Արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվագյուտ միներալները: Հուշագրի նպատակը Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով, կան միներալներ, որոնք քառասուն, հիսուն տարի առաջ, բացի գիտականից, էական հետաքրքրություն չեն առաջացրել, իսկ այսօր էական նշանակություն ունեն արհեստական բանականության մեջ, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց՝ այժմ միշտ չէ, որ ընդերքը հորատումով են հետազոտում․

«Տիեզերական հետազոտությունների միջոցով կաշխատենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ»:

Մայիսի 26-ին Երևանում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանակային հուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակներում։

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում