Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր ձայները ոչ մի այլ ուժի չի տալու

2 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր ձայները ոչ մի այլ ուժի  չի տալու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Շիրակի մարզի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ կուսակցությունն իր ձայները ոչ մի այլ ուժի  չի տալու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կարապետյանն այս մասին ասել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա գտնվում է տնային կալանքի տակ ու չէր կարող հանդիպումն այլ վայրում անցկացնել:

«Մենք հաղթելու ենք և ձևավորենք կառավարություն։ Բայց գյումրեցիներն էլ պետք է հասկանան. եթե իրենք ուզում են, որ մենք ձևավորենք կառավարություն, պետք է հունիսի 7-ին կատարեն միակ ճիշտ քայլը»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց ուժը գնում է բացարձակ հաղթանակի ու շատ մոտ է դրան։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։   

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում