Եվրոպա

Սոֆիայում շահագործման են հանձնվել մետրոյի նոր գնացքներ, նախատեսվում է ընդլայնել կայարանների թիվը․ BTA

2 րոպեի ընթերցում

Սոֆիայում շահագործման են հանձնվել մետրոյի նոր գնացքներ, նախատեսվում է ընդլայնել կայարանների թիվը․ BTA

Սոֆիայի քաղաքապետ Վասիլ Տերզիևը մայիսի 26-ին հայտարարել է, որ Բուլղարիայի մայրաքաղաքի մետրոյում շահագործման է հանձնվել Skoda ընկերության կողմից արտադրված չորս նոր գնացք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

Նա նաև նշել է, որ, ընդհանուր առմամբ, պատվիրվել է ութ գնացք, որոնցից յոթն արդեն մատակարարվել են։ Քաղաքապետը հավելել է, որ վերջին գնացքը սպասվում է հունիսին։ Նոր, օդորակիչով և տեսահսկողության համակարգով հագեցած գնացքները կփոխարինեն 1, 2 և 4 գծերի ամենահին գնացքներից մի քանիսին և կբարելավեն ուղևորների հարմարավետությունը։

Քաղաքապետը նշել է, որ 3-րդ գծում առաջիկայում սպասվում է Siemens Inspiro մակնիշի նոր գնացքների շահագործում, իսկ Սոֆիայի մետրոյի շարժակազմը լիովին թարմացնելու համար նախատեսվում է ևս 16 գնացք։

Տերզիևը շեշտել է, որ մետրոյի ընդլայնումը և արդիականացումը մնում է գերակա խնդիր։ Նրա խոսքով՝ 2026 թվականին նախատեսվում է բացել նաև երեք նոր կայարան, որին կհաջորդի ևս վեցը՝ 2027 թվականին դեպի Գեո Միլև և Մլադոստ թաղամասեր։ Մայրաքաղաքը նաև նախապատրաստում է մետրոյի ընդլայնում Ցարիցա Յոաննա պողոտայի երկայնքով և դեպի Ստուդենտսկի Գրադ թաղամաս։

Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Պեկանովը նախագիծն անվանել է ԵՄ ֆինանսավորման, այդ թվում՝ Վերականգնման և դիմադրողականության ծրագրի աջակցության առավելությունների վառ օրինակ։ Նա նշել է, որ Բուլղարիան հաջորդ բյուջետային ժամանակահատվածում քայլեր կձեռնարկի ԵՄ համախմբված ֆինանսավորման ավելացման ուղղությամբ։

 

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում