Ռուսաստան

Ճապոնիան անհիմն է համարում Ռուսաստանի և Չինաստանի մտահոգություններն իր վերառազմականացման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան անհիմն է համարում Ռուսաստանի և Չինաստանի մտահոգություններն իր վերառազմականացման վերաբերյալ

Ճապոնիայի կառավարությունն անհիմն է համարում Ռուսաստանի և Չինաստանի պնդումները, թե Տոկիոյի արագացված վերառազմականացման քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում խաղաղության և կայունության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մասանաո Օձակին։

«Պատերազմի ավարտից ի վեր մեր երկիրը հետևողականորեն խթանել է ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ նպաստելով ոչ միայն Ասիայի, այլև ամբողջ աշխարհի բարգավաճմանը», - ասել է նա: Օձակիի խոսքով՝ Ճապոնիան վարում է «բացառապես պաշտպանական քաղաքականություն»։

«Հետևաբար, մենք կարծում ենք, որ Չինաստանի և Ռուսաստանի պնդումները լիովին անհիմն են: Ճապոնիայի խաղաղ հետպատերազմյան ուղին ապագայում չի փոխվի», - հավելել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև Պեկինում կայացած բանակցություններից հետո մայիսի 20-ին ընդունվել էր համատեղ հռչակագիր։ Փաստաթղթում երկու երկրները նշել էին, որ «Ճապոնիայի արագացված վերառազմականացման ներկայիս ընթացքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»։ Կողմերը նաև կոչ էին արել Ճապոնիայի կառավարությանը «դասեր քաղել սեփական ագրեսիայի պատմության անմարդկային էջերից, լիովին ճանաչել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և հրաժարվել նոր միլիտարիզմից և վերառազմականացումից, որոնք արդեն իսկ վիշտ ու տառապանք են պատճառել աշխարհի ժողովուրդներին և հենց Ճապոնիային»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում