Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի ԱԴԾ գործակալ լինելու մասին հրապարակումներին

5 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի ԱԴԾ գործակալ լինելու մասին հրապարակումներին

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գործակալ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի վերաբերյալ Փաշինյանը խոսել է Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում։

«Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը, ոչ ավելի, ոչ պակաս Անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Այսինքն՝ այն մարդն, ով եկել է և Հայաստանի քաղաքական պրոցեսներին մասնակցում է, փաստորեն, ФСБ-ի գաղտնի աշխատակից է։ Եվ այդ փաստը հիմա հայտնվել է մամուլում և շրջանառվում է մամուլում և բոլոր հիմնավորումները լրատվամիջոցները բերում են։ Սա հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ այն մարդը, որն օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպն այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել։ Այդ մարդիկ ջանք են գործադրում ամեն օր օրակարգ բերելու մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Իրենք սկսել են խոսել երեք հարյուր հազար, հիմա էլ հասել են մեկ միլիոնի, ադրբեջանցիների Հայաստան գալու մասին. սա այլ կերպ, քան գործակալի, լրտեսի գործելակերպ, ես չեմ կարող անվանել, որովհետև այդպիսի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել և ինչո՞ւ են այդ մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն, մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ»,- նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հայ ժողովուրդը հնարավորություն ունի այդ գործելակերպը թույլ չտալու։

«Դրա համար մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրար հետ պետք է համատեղենք ջանքերը, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը։ Ես հարգանքով եմ վերաբերում մեր բոլոր միջազգային գործընկերներին, բայց, կներեք, գործակալներին ուղարկել այստեղ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու և գործակալական ցանցեր ստեղծելու, գործընկերային չէ։ Այն, որ կալուգացի օլիգարխն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունն էլ գործակալական ցանց է և յուրաքանչյուր քաղաքացի, ով այսօր արդեն տեղեկացավ այդ ինֆորմացիային, պետք է ընտրություն կատարի՝ ինքը գործակա՞լ է, թե՞ քաղաքացի: Այդ կուսակցության յուրաքանչյուր աջակից, համակիր, մասնակից, յուրաքանչյուր շտաբի աշխատակից պետք է հստակ ընտրություն կատարի, և ես հավատում եմ, որ նրանց մեծ մասն ընտրություն է կատարելու քաղաքացիության օգտին, իսկ նրանք, ովքեր ընտրություն կկատարեն գործակալության օգտին, ամենայն հարգանքով բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Իր հերթին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով իր անձի վերաբերյալ հրապարակումներին ու իր վերաբերյալ մեղադրանքներին քաղաքական պատասխան տալու լրագրողի պնդմանը, ասել է՝ «Շան տեղ մի դրեք»։

Ռուսական The Insider պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված, որը վերաբերում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի հնարավոր ազդեցությանը, ինչպես նաև անդրադառնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

The Insider-ը, հղում անելով արտահոսած տվյալների բազաներին, պնդում է, թե 1999 թվականին Սամվել Կարապետյանի՝ Կալուգայում ստացած արտասահմանյան անձնագրի փաստաթղթերում «աշխատանքի վայր» բաժնում նշված է եղել «ИЦ ФСБ» («Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն»)։ Պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրի, գրում է, որ նման նշումները, ըստ ՌԴ իրավապահ համակարգի նախկին աշխատակցի, կարող էին օգտագործվել հատուկ ծառայությունների հետ առնչություն ունեցող անձանց դեպքում։ 

The Insider-ը հոդվածում անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանին՝ նրան անվանելով «Կրեմլի մեկ այլ ընկեր»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում