Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում

Հայաստանի մշակութային տարվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 23-ին Նվագախումբը հրավիրված է մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին՝ Ասիայում անցկացվող ամենամեծ դասական երաժշտության փառատոնին։ Համերգի ծրագրում ներկայացված են Արամ Խաչատրյանի և հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցները։ 

Այս տարի լրանում է Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը, այդ առիթով համերգի ծրագրում ներկայացվելու են հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ:

Փառատոնը յուրաքանչյուր տարի ներգրավում է 10,000-ից ավելի հանդիսատես։ Համերգները հեռարձակվում են առցանց, որը յուրաքանչյուր տարի դիտում է 72 միլիոնից ավելի ունկնդիր։

 Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը, ով կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Համերգը նպատակ ունի հանրահռչակելու նվագախմբի կատարողական արվեստը և ընդգծելու Խաչատրյանի բացառիկ ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում։

Նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին Ֆուջիանի մեծ թատրոնում։

Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում