Հայաստանում 2026 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալները մեկամյա կտրվածքով աճել են 13.4 տոկոսով
2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները 13.4 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 748 մլրդ 800 հազար դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Մարտին՝ փետրվարի համեմատ, արտադրության ծավալը կրճատվել է 2 տոկոսով, սակայն 7 տոկոսով գերազանցել է 2025-ի մարտի ցուցանիշը: Մարտին թողարկված արդյունաբերական արտադրանքի արժեքն ընթացիկ գներով 256 մլրդ 521.4 մլն դրամ է:
Այս գումարից 60 մլրդ 969.5 մլն դրամը գոյացել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արդյունքում ստացված արտադրանքից: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այս ոլորտի արտադրանքը 36.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 163 մլրդ 889.9 մլն դրամ: Ոլորտի արտադրանքի ծավալը մարտին՝ փետրվարի համեմատ աճել է 17.7, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 28 տոկոսով:
Մշակող արդյունաբերության արտադրության ծավալն այս տարվա առաջին եռամսյակում 9.5 տոկոսով ավելին է եղել, քան 2025-ի նույն ժամանակահատվածում՝ կազմելով 458 մլրդ 410.6 մլն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ կրճատվել է 9.6, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 1.3 տոկոսով: Գարնան առաջին ամսվա արտադրանքը գնահատվում է 155 մլրդ 815.5 մլն դրամ:
Էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման գծով աճը 7 տոկոս է: Առաջին եռամսյակում այն գնահատվում է 118 մլրդ 171.7 մլն դրամ, իսկ միայն մարտին՝ 37 մլրդ 172.5 մլն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ աճը 6, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 7.9 տոկոս է:
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում կետով աճը 2026-ի առաջին եռամսյակում մեկամյա կտրվածքով 4.1 տոկոս է, գնահատվում է 7 մլրդ 528.6 մլն դրամ, որից 2 մլրդ 563.9 միլիոնն ապահովվել է մարտին: Մարտին՝ փետրվարի համեմատ աճը 4.2, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 2.9 տոկոս է:
