Պետք է այնպես անենք, որ մեր երկիրն այլևս երբեք ագրեսիայի համար գայթակղիչ չլինի․ Փաշինյան
4 րոպեի ընթերցում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը խոսել է կրթական ծրագրերի, բանակի բարեփոխումների և Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը հայտարարել է, որ ավարտին է մոտենում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը։
«Այս տարվա վերջ մենք կավարտենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, և միանգամից կսկսվի հաջորդ 300 դպրոցի կառուցման ծրագիրը»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը նախատեսում է նաև լրացուցիչ 100 մանկապարտեզ կառուցել այն բնակավայրերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։
Փաշինյանն անդրադարձել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին՝ նշելով, որ այն հնարավորություն է տվել կրկնապատկել ուսուցիչների աշխատավարձերը։
Նրա խոսքով՝ ծրագրի հաջորդ փուլում արդեն ատեստավորված ուսուցիչները հնարավորություն կունենան կրկին մասնակցել ատեստավորման գործընթացին և բարձրացնել իրենց դրույքաչափերը մինչև 300 հազար դրամ՝ հավելավճարների հետ միասին։
Վարչապետը խոսել է նաև Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մասին։
«Այսօր մեր երկրում 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային զինծառայող կա»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հազարավոր երիտասարդներ ծառայում են որպես պայմանագրային զինծառայողներ և ստանում մինչև 600 հազար դրամ եկամուտ՝ շարունակելով ապրել իրենց ընտանիքների հետ։
Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացով Հայաստանը մուտք է գործել պրոֆեսիոնալ բանակ ունենալու շատ կոնկրետ ճանապարհ։
Նա քաղաքացիներին կոչ է արել մայիսի 28-ին ներկա գտնվել Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին՝ տեսնելու վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունն ու բանակում տեղի ունեցած փոփոխությունները։
Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ բանակի բարեփոխումները խաղաղության համար են, ոչ պատերազմի։
«Բանակի բարեփոխումներով մենք պատերազմի չենք պատրաստվում, մենք խաղաղության ենք պատրաստվում»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ուժեղ և պաշտպանունակ բանակը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ագրեսիայի համար գայթակղիչ չլինի։
«Մենք պետք է այնպես անենք, որ մեր երկիրը երբեք, այլևս երբեք ու երբեք ագրեսիայի համար գայթակղիչ չլինի, ընդհակառակը՝ հստակ լինի, որ մեր երկրի նկատմամբ չի կարելի ագրեսիա անել»,- նշել է նա։
Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին և հայտարարել, որ օկուպացված տարածքների հարցը պետք է կարգավորվի սահմանազատման միջոցով։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը երկու երկրներում արդեն վավերացվել է, իրավական պարտադիր ուժ ունի և հիմնված է Ալմաթիի հռչակագրի սկզբունքների վրա։
«Դե-յուրե այդ հարցերը արդեն իսկ կարգավորվել են»,- նշել է Փաշինյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։