Իրան

Քուվեյթն Իրանին մեղադրել է իր տարածք ներխուժելու փորձի համար, Թեհրանը հերքել է մեղադրանքները

2 րոպեի ընթերցում

Քուվեյթն Իրանին մեղադրել է իր տարածք ներխուժելու փորձի համար, Թեհրանը հերքել է մեղադրանքները

Քուվեյթը հայտարարել է, որ մի խումբ իրանցի զինվորականներ փորձել են ներխուժել երկրին պատկանող Բուբիյան կղզի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 12-ին հաղորդել է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը;

Գերատեսչության տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված վեց անձ փորձել են ծովով մուտք գործել երկիր։ Տեղական անվտանգության ծառայությունների հետ բախումներից հետո հարձակվողներից չորսը ձերբակալվել են, երկուսը՝ փախուստի դիմել, նշել է նախարարությունը։

Ըստ Al Jazeera-ի՝ Քուվեյթի ներքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Նշվում է, որ ձերբակալված ռազմածովային սպաները գտնվել են ձկնորսական նավակի վրա, որի «նպատակն է եղել թշնամական գործողություններ իրականացնել Քուվեյթի դեմ»: Ըստ գերատեսչության՝ նրանք խոստովանել են, որ ԻՀՊԿ-ն իրենց առջև խնդիր է դրել ներթափանցել Քուվեյթ:

Կղզու վրա հարձակման առնչությամբ Իրանի դեսպանը կանչվել է Քուվեյթի ԱԳ նախարարություն: Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն` Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Համադ Սուլեյման ալ Մաշաան մայիսի 12-ին պաշտոնական բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպան Մոհամեդ Թոթոնջիին՝ հայտնելով «Քուվեյթի կողմից այս թշնամական գործողության խիստ դատապարտումն ու հանդիմանությունը»։

Այնուամենայնիվ, Իրանը հերքել է հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը թշնամական գործողություններ է պլանավորել Քուվեյթի դեմ, հաղորդել է ISNA գործակալությունը։

«Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտում է Քուվեյթի անիրավաչափ գործողությունները չորս իրանցի նավաստիների նկատմամբ, որոնք իրենց պարտականություններն էին կատարում Meroj Keshtezri Darya նավի վրա և Քուվեյթի ջրեր են մտել նավիգացիոն համակարգի խափանման պատճառով», - ասվում է հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում