Երևանում տեղի ունեցավ բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկում էլեկտրաէներգիայի շուկայի վերաբերյալ
4 րոպեի ընթերցում

Երևանում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի շուկայի վերաբերյալ բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկում՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, որը միտված է ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման և փոխկապակցվածության խթանմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ ծրագրից և քննարկումներից ակնկալիքը շուկայի ազատականացման բարեփոխումներին ու կուտակիչ կայանների բնագավառում շարունակական աջակցությունն է։

«Հայաստանի էներգետիկ ոլորտը ներկայում գտնվում է կարևոր վերափոխումների փուլում։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն շուկայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնց նպատակն է ապահովել մրցակցային, թափանցիկ և արդյունավետ շուկայի ձևավորում։ Հատուկ կարևորություն ունի նաև էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների զարգացումը, ինչը կնպաստի համակարգի ճկունության բարձրացմանը, վերականգնվող էներգիայի ինտեգրմանը և մատակարարման հուսալիության ապահովմանը։ Միևնույն ժամանակ, սրանք ստեղծում են նոր հնարավորություններ շուկայի մասնակիցների համար՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը և խթանելով նորարարական տեխնոլոգիաների կիրառումը»,-նշեց Մեսրոպյանը։
Նա կարևորեց այս գործընթացում կարգավորող մարմնի անկախության ամրապնդումը, քանի որ ուժեղ և անկախ կարգավորման շրջանակը հանդիսանում է վստահության հիմք ինչպես ներդրողների, այնպես էլ՝ ներդրողների, սպառողների ու ոլորտի ընկերությունների համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը կարևորեց շուկայի ազատականացման գործընթացում ԵՄ-ի գործընկերների ներգրավումն ու, ըստ այդմ, նաև լավագույն փորձի կիրառման հնարավորությունը Հայաստանում։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով սահմանված ժամկետներում կունենանք ամբողջապես ազատականացված և մրցակցային էլեկտրաէներգետիկական շուկա»,-ասաց փոխնախարարը։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծեց, որ էներգետիկ ոլորտում համագործակցությունն ավելի լայն նշանակություն ունի։

«Այս նախագիծը միայն կիլովատ-ժամերի կամ ցանցային կանոնների մասին չէ․ այն մարդկանց, բարեկեցության և մոլորակի անվտանգ ապագայի մասին է։ Համատեղ աշխատելով՝ մենք կարող ենք Հայաստանը և տարածաշրջանը վերածել կայուն էներգետիկ նորարարությունների կենտրոնի»,-ասաց նա։
Կլոր սեղան-քննարկումները նպատակ ունեն խթանել երկխոսությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի շահագրգիռ կողմերի, կարգավորող մարմինների և միջազգային գործընկերների միջև՝ ՀՀ էլեկտրաէներգիայի շուկայի ընթացիկ զարգացումների և «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի երրորդ փուլի առաջնահերթությունների շուրջ։
Միջոցառմանը եվրոպացի փորձագետները ներկայացրեցին ԵՄ էլեկտրաէներգիայի շուկայի կառուցվածքի զարգացման գործընթացի իրենց երկրների փորձը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի պահեստավորման քաղաքականությունը, շուկայի կառուցվածքը, մարտահրավերներն ու լավագույն փորձը։