Հայաստան-Կիպրոս բիզնես կամուրջ․ Երևանում մեկնարկել է տնտեսական համագործակցության ընդլայնման նոր փուլը

5 րոպեի ընթերցում

Երևանում կայացած Հայաստան-Կիպրոս բիզնես համաժողովը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցության խորացման, ներդրումային կապերի ընդլայնման և արտահանման նոր ուղղությունների ձևավորման համար։ Համաժողովի ընթացքում մասնակիցները կարևորել են հատկապես հայ-կիպրական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, եվրոպական շուկաների հետ ինտեգրման գործընթացը և գործարարների միջև անմիջական կապերի ստեղծումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միջազգային կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է հայ-կիպրական բարեկամական և տնտեսական հարաբերությունների ամրապնդման կարևոր նախաձեռնությունը։

Նրա խոսքով՝ Կիպրոսից Հայաստան են ժամանել 9 գործարարներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ։ Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս հայկական տնտեսվարողներին և գործարարներին կապեր հաստատել կիպրական բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։

Մարիամ Մանուկյանը նշել է, որ միջոցառմանը ներկա է նաև Նատալիա Քարդաշը, որը Հաջողակ բիզնես առաջնորդների ասոցիացիայի նախագահն է։ Նրա լայն կապերն ու փորձը կիպրական բիզնես համայնքի հետ համագործակցության ուղղությամբ կարող են նպաստել հայկական ընկերությունների համար նոր գործընկերների որոնմանը, ինչպես նաև արտահանման և ներմուծման հնարավորությունների ընդլայնմանը։

Նախաձեռնությունը, ըստ նրա, նաև հնարավորություն է տալիս հայկական բիզնեսներին գրանցվել կիպրական շուկայում, ինչը կարող է նպաստել արտահանման դիվերսիֆիկացմանն ու տնտեսական զարգացմանը։

«Կիպրոսը լայն հնարավորություններ ունի ծառայությունների ոլորտում, մինչդեռ Հայաստանը կարող է կիպրական շուկային առաջարկել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իր ներուժը»,- նշել է Մարիամ Մանուկյանը։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Միջազգային բիզնեսի աջակցման կենտրոնի խորհրդի անդամ Անահիտ Սիմոնյանը։

Նրա գնահատմամբ՝ նման հանդիպումները հատկապես կարևոր են այն համատեքստում, երբ վերջերս Հայաստանում տեղի ունեցան կարևոր միջազգային իրադարձություններ՝ Հայաստան–Եվրամիություն բարձր մակարդակի առաջին հանդիպումը և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված համագործակցության մթնոլորտի գործնական շարունակություն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների և բիզնես կապերի խորացմանը։

«Այսօր կարևոր է խոսքը վերածել գործի և գործարարներին օգնել ավելի հստակ պատկերացնելու իրենց հնարավորությունները, առավելություններն ու կարիքները։ Այդ նպատակով նման հանդիպումները կարևոր են ոչ միայն կազմակերպիչների, այլև բիզնեսին աջակցող մյուս կառույցների համար»,- նշել է նա։

Անահիտ Սիմոնյանը նաև ընդգծել է, որ հայկական արտադրանքը պետք է առավել համապատասխանեցվի եվրոպական շուկայի պահանջներին, ստանդարտներին և որակական չափանիշներին։

«Նման երկկողմ հանդիպումները կամուրջ են դառնում ոչ միայն երկու երկրների, այլև տարբեր շուկաների միջև կապերի ստեղծման համար»,- ասել է նա՝ կարևորելով հատկապես գործնական և օգտակար քննարկումների անցկացումն ու նոր կապերի ձևավորումը, ինչը միջոցառման հիմնական նպատակներից մեկն է։

Անդրադառնալով նախորդ ծրագրերին՝ Անահիտ Սիմոնյանը հիշեցրել է, որ արդեն իրականացվել են «Եվրոպայի կամուրջ» ծրագրի շրջանակում Հայաստան–Հունգարիա, Վիեննա և Պրահա ուղղություններով նախաձեռնություններ, որոնք ևս միտված են եղել գործարար կապերի ընդլայնմանը։

Կիպրոսի Հաջողակ բիզնես առաջնորդների ասոցիացիայի նախագահ  Նատալիա Քարդաշն իր ելույթում նշել է, որ Հայաստան–Կիպրոս բիզնես համաժողովի շրջանակներում IBRS Council-ի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի։

Նրա խոսքով՝ սա արդեն երրորդ կամ չորրորդ համատեղ համաժողովն է, որն իրականացվում է երկու կառույցների համագործակցության արդյունքում։

«Համաժողովների շրջանակներում հայ և կիպրացի գործընկերներին հնարավորություն է տրվում հաստատել նոր գործարար կապեր, զարգացնել համագործակցությունը և բացահայտել նոր ոլորտներ ու ներդրումային ուղղություններ»,- նշել է Նատալիա Քարդաշը։

Լուսինե Ջալալյան 

Հայերեն English Русский

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ