Օնլայն հարթակներում խոսքի ազատության և ատելության խոսքի սահմանները պետք է հստակեցվեն միջազգային չափանիշների հիման վրա. ՄԻՊ աշխատակազմ

5 րոպեի ընթերցում

Օնլայն տիրույթում խոսքի ազատության իրավական և բարոյական սահմանների հստակեցումը, ինչպես նաև ատելության խոսքի հակազդման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը պետք է իրականացվի միջազգային իրավական չափանիշների հիման վրա՝ ապահովելով խոսքի ազատության պաշտպանության և հանրային շահերի միջև համաչափ հավասարակշռություն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը՝ նշելով, որ կարծիքի արտահայտման ազատության և ատելության խոսքի հակազդման անհրաժեշտության առնչությամբ ընդունվել են մի շարք միջազգային ուղենիշային փաստաթղթեր և հանձնարարականներ, որոնք միաժամանակ շեշտադրում են ինչպես կարծիքի արտահայտման ազատության պաշտպանության, այնպես էլ ատելության խոսքի դեմ արդյունավետ և համաչափ հակազդման անհրաժեշտությունը։ 

Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս կարևորել է, որ պետության կողմից կարծիքի արտահայտման ազատության երաշխավորումն ու ատելության խոսքի հակազդումը, այդ թվում՝ առցանց տիրույթում, հիմնված լինի համապատասխան միջազգային փաստաթղթերի ու հանձնարարականների վրա։

Անդրադառնալով ազատ արտահայտման և վնասակար բովանդակության սահմանին՝ նա ընդգծել է, որ այս հարցում առանցքային նշանակություն ունեն միջազգային չափանիշները։ Այդ համատեքստում նա առանձնացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված   հանձնարարականը՝ «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին», որով առաջարկվում է մշակել համապարփակ քաղաքականություն՝ ներառելով օրենսդրական, վարչական և կրթական միջոցառումներ՝ ապահովելով օրինականության և համաչափության սկզբունքները։

Ժաննա Հակոբյանը նշել է նաև, որ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) իր 2025 թվականի զեկույցում կոչ է արել ազգային իշխանություններին ապահովել մեդիաազատության պաշտպանությունը, բարելավել տեղեկատվության հասանելիությունը և հակազդել ապատեղեկատվության ու ատելության խոսքի տարածմանը՝ առանց խոսքի ազատության անհամաչափ սահմանափակման։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև ատելության հրահրման և բռնության կոչերի քննության պրակտիկայի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին։ Այս համատեքստում նա հիշեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի ուսումնասիրությունը, որտեղ վերլուծվել են ինչպես միջազգային չափանիշները, այնպես էլ Հայաստանում առկա խնդիրները։

Ըստ նրա՝ հանրային շահին առնչվող հարցերի և քաղաքական բանավեճի դեպքում խոսքի սահմանափակումները պետք է լինեն բացառիկ և հիմնված ծանրակշիռ հիմքերի վրա։ Քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության շրջանակը, միջազգային չափանիշների համաձայն, ավելի լայն է, քան մասնավոր անձանց դեպքում, իսկ պետությունը պետք է ցուցաբերի առավել զգուշավոր մոտեցում քրեաիրավական գործիքների կիրառման հարցում։

Միջազգային չափանիշներով՝ ատելության խոսքի գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել խոսքի ուղղվածությունը, թիրախավորված խմբի խոցելիությունը և հնարավոր ազդեցությունը հասարակության վրա։

Թվային հարթակներում պետության դերակատարության մասին խոսելիս՝ նա նշել է, որ անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ՝ մարդու իրավունքների կրթության զարգացում, իրավահավասարության օրենսդրության կատարելագործում, էթիկայի կանոնների արդյունավետ կիրառում, ինչպես նաև լայնածավալ իրազեկման աշխատանքներ։

Հակոբյանի խոսքով՝ չնայած իրականացվող քայլերին, օրենսդրական փոփոխությունների և դրանց գործնական կիրառման անհրաժեշտությունը շարունակում է մնալ արդիական։

Հանրային ճնշման և «cancel culture»-ի ազդեցության վերաբերյալ նա ընդգծել է, որ խտրական և թիրախավորող խոսույթը հաճախ օգտագործվում է տարբեր դերակատարների կողմից, ինչը կարող է հանգեցնել հանրային լարվածության և սխալ ընկալումների ձևավորման։ Նրա խոսքով՝ նման երևույթները պետք է արժանանան համարժեք հակազդման։

Ժաննա Հակոբյանը նաև նշել է, որ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանմամբ՝ առանց վնասելու ազգային անվտանգության շահերին։

Արհեստական բանականության վերաբերյալ նա ընդգծել է, որ AI տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր՝ կապված խոսքի ազատության և ատելության խոսքի վերահսկման հետ։

«Անհրաժեշտ է AI համակարգերի կիրառումը համապատասխանեցնել մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին, իրականացնել ազդեցության գնահատում, մշակել ռազմավարական փաստաթղթեր և ապահովել լայն հանրային իրազեկում»,-եզրափակել է Ժաննա Հակոբյանը։

Լուսինե Ջալալյան 

Հայերեն Русский