Քաղաքականություն

Ղարաբաղի հետ կապված շատ ծանր և դժվար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Ղարաբաղի հետ կապված շատ ծանր և դժվար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հետ կապված իր շատ ծանր և դժվար որոշումներով ինքը Հայաստանը դուրս է բերել չլինելիության թակարդից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Ես համարում եմ, որ Ղարաբաղի հարցի հետ կապված իմ շատ ծանր, դժվար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից։ Եվ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանը դուրս եմ բերել չլինելության թակարդից, և ես հպարտ եմ դրա համար։ էլի եմ ասում՝ մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին 1 միլիարդ դոլար հավելյալ ֆինանսավորում ենք տվել, այստեղ թոշակները ցածր են եղել, այնտեղ բարձր և այլն և այդպես շարունակ։ Եվ սա դեռ այն հատվածն է, որը երևում է նաև փաստաթղթերով, բայց բաներ կան, որոնց մասին չենք խոսում։ Քարոզարշավի (խմբ, նկատի ունի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը) ժամանակ էլ եմ անդրադարձել այս թեմային, այո, շաը էմոցիոնալ ձևերով, բայց բովանդակային առումով՝ ճշգրիտ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի ժողովուրդը երկու անգամ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունեցել այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել։

«Այդ թեման երկու անգամ ընտրությունների միջով անցել է։ Հայաստանի ժողովուրդը երկու անգամ այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է։ Երկու անգամ ընտրություններով է արտահայտվել, 5 տարի էլ իր ամենօրյա կյանքով։ Որպես հեղափոխությամբ իշխանության եկած մարդ՝ ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը միշտ էլ կարող է անել հեղափոխություն։ Երբ ես ասել եմ, որ մենք դադարեցնում ենք Ղարաբաղի շարժումը, ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես այս որոշումը կայացրել եմ և իրականացնելու եմ՝ որպես ձեր կողմից ընտրված վարչապետ, եթե դուք գտնվում եք, որ սա սխալ ճանապարհ է, կարող եք հեղափոխություն անել և ինձ հեռացնել իշխանությունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում