Սպորտ

Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի հեծանվավազք՝ շուրջ 500 կմ երկարությամբ երթուղով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի հեծանվավազք՝ շուրջ 500 կմ երկարությամբ երթուղով

Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի քառօրյա հեծանվավազք, որի երթուղիներն ընդհանուր առմամբ կանցնեն շուրջ 500 կմ ճանապարհ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց մրցաշարի անցկացման մանրամասները։

Նրա խոսքով՝ մրցաշարի առաջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, հեծանվորդները Գավառ-Մեծ Մասրիկ ճանապարհով կանցնեն 135 կմ։ Երկրորդ օրը նախատեսված է Կիրանց-Ստեփանավան հատվածը՝ 177 կմ երկարությամբ։ Երրորդ օրը մրցարշավը կանցնի Մարտունի-Դիլիջան երթուղով՝ Պարզ լճում հանգրվանելով։ Այդ օրվա երթուղու երկարությունը 162 կմ է։ Մրցաշարի չորրորդ օրը ամբողջությամբ կանցկացվի Երևանում՝ 113 կմ երկարությամբ երթուղով։

«10 անգամ հեծանվորդները կանցնեն 11.3 կմ-անոց հատված։ Սա հնարավորություն կտա հանդիսատեսին հավաքվել և հետևել հեծանվավազքին»,-ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է մրցաշարին տարբեր երկրների հեծանվորդների մասնակցություն։

«Սա մի ճանապարհ է, որի ժամանակ Հայաստանը շուրջ 500 կմ ճանապարհի երկարությամբ ներկայանալու հնարավորություն ունի։ Բոլոր այն համայնքները, որոնցով անցնելու են հեծանվորդները, կարող են ներկայացնել իրենց զբոսաշրջային գրավչությունը»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ հեծանվավազքի կազմակերպման և անցկացման համար կպահանջվի 1 մլրդ 599 մլն 527.2 հազար դրամ, որից  884 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, 413 մլն 860 հազար դրամը՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կողմից, իսկ 301 մլն 667.2 հազար դրամը ակնկալվում է այլ հովանավորներից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացման տրամաբանությամբ։

«Հեծանիվը գնալով էկոլոգիական և կլիմայական օրակարգի մեջ դառնում է ավելի պոպուլյար»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում