Բունդեսթագի պատգամավորը վստահ է, որ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կարող է շահեկանորեն իրավիճակ փոխել եվրոպական շուկայում
6 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շրջանակում դիտարկվում է նաև հայկական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան։ Արտերկրում կան բազմաթիվ ընկերություններ և անհատներ, ովքեր պատրաստ են այդ հարցում օգնել հայկական կողմին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տնտեսական լրագրողների ակումբն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կազմակերպել էին քննարկում ՝ «Հայաստանից ԵՄ արտահանումների հնարավորություններն ու մարտահրավերները թեմայով։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Հոֆմանն այդ նպատակով ժամանել էր Հայաստան՝ հասկանալու, թե ինչով կարող է օգնել հայ գործարարներին՝ ավելի հեշտ ու արագ ԵՄ շուկաներ մուտք գործելու համար։

«Հայաստանը ճանաչելիության, հայկական բիզնեսը՝ լոգիստիկ սահմանափակումներ ունի։ Գովազը քիչ է, ճանաչելիությունը ցածր։ Առաջին հերթին պետք է մեծացնել ճանաչողների թիվը, ես կվերադառնամ Գերմանիա, կպատմեմ Հայաստանի կլիմայական գոտիների մասին։ Կպատմեմ նաև հայկական արտադրանքի ու գինու որակի մասին։ Որքան այս մասին շատ խոսվի, գաղափարները շատ տարածողներ լինեն, այնքան կբարձրանա երկրի ճանաչելիության մակարդակը։ Մեզ մոտ գինու արտադրության հին ու լավ ավանդույթներ կան, բայց ամեն ինչ առաջարկից ու պահանջարկից է կախված։ Հայկական արտադրանք կա, որոնց նկատմամբ կարելի է պահանջարկ ձևավորել»,- ասաց Հոֆմանը։

Միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանն իր հերթին վստահ է, որ հայկական ապրանքների՝ ԵՄ շուկաներ արտահանելու ներուժ կա, տնտեսություններ՝ նույնպես, որոնց արտադրանքը համապատասխանում է եվրոպական պահանջներին։

«Արտահանման ներուժ էլ կարելի է ձևավորել, հատկապես, որ մեծ քաշ ունեցող իշխանի ու թառափի պահանջարկ եվրոպական շուկաներում կա։ Ամենատարածվածն, օրինակ, սաղմոնն է ու սաղմոնից պատրաստված ձկնամթերքը։ Հայաստանում կան տնտեսվարողներ, բայց սիրողական մակարդակով դա մի ոլորտ է, որի ուղղությամբ կարելի է մտածել»,-ասաց Ազարյանը։
«Դավթյան Ֆարմս» ընկերությունը սերտիֆիկացված արտադրող է և, որպես օրգանիկ մթերք արտադրող, ունի եվրոպական շուկայում հաստատվելու հնարավորություն, բայց ընկերության ղեկավար Դավիթ Դավթյանի համոզմամբ՝ ստանդարտ արտադրողների հնարավորությունները մեծ չեն։

«Եվրոպացի սպառողներին հնարավոր չէ զարմացնել որոշ ապրանքների արտադրությամբ, սակայն մատուցման ձևը կարող է շահեկանորեն իրավիճակ փոխել։ Նոր շուկաների հետ աշխատելիս՝ հասկանում ենք, որ քանակի խնդիր ունենք, գուցե, Հայաստանի համար մեծ ենք, բայց դրսի համար փոքր ենք, դրա համար կարելի է փոքր ֆերմերներից գնել, նրանք ընդհանրապես ստնադարտավորման հնարավորություն չունեն։ Այս դեպքում արդեն մեկ ամբողջական շուկա կներկայացնենք»,-ասաց Դավթյանը։

«Առատաշեն Վայների» ընկերությունը հայտնի է հատկապես «Շունչ» գինիների արտադրությամբ։ Ընկերության հիմադիր տնօրեն Վահան Եղոյանի կարծիքով՝ Եվրոպան գինու համար ամենադժվար շուկաներից է։ Նրա համոզմամբ՝ աշխարհագրական նշանների ու ծագման նշանների հայեցակարգն է, որը պետք է Հայաստանում զարգանա։ Բացի այդ, էժան փողերի բացակայությունն է խոչընդոտում բիզնեսին, քանի որ վարկերի տոկոսադրույքները բարձր են։

Եղոյանին հակադարձեց «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության հարկային և հարակից հարցերի գծով գործընկեր Ահարոն Չիլինգարյանը։ Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհում միայն վարկերը չեն հասանելիություն ապահովում։ Նա հիշեցրեց պարտատոմսերի, բաժնետոմսերի շուկաների մասին՝ հավելելով, որ կուտակային կենսաթոշակային երկու ֆոնդերն էլ Հայաստանի իրական տնտեսությունում ներդրումներ անելու լավ ծրագրեր են փնտրում։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, գնահատելով Բունդեսթագի պատգամավորի այցը Հայաստան, նշեց, որ Եվրոպան և հատկապես Գերմանիան կարևոր նշանակությւոն ունեն հայկական տուրիզմի համար։

«Գերմանիայում ինտելեկտուալ զբոսաշրջային շուկա է, որտեղ կարևորվում են ազգային առանձնահատկությունները, մշակույթը։ Գերմանիան Չինաստանից հետո աշխարհում արտագնա զբոսաշրջության ոլորտում առաջինն է։ Գերմանիան նաև համաշխարհային տուրիզմի դոնոր երկիր է։ Հայաստանի ու Գերմանիայի միջև զբոսաշրջային ոլորտը լավ պատմություն ունի, լավ զարգացում ու դինամիկա կա, թեև ընդհանուր այցելությունների մեջ մեծ տոկոս չի կազմում։ Ընդհանրապես Եվրոպան դեպի Հայաստան ընդհանուր այցելությունների մեջ երրորդ տեղում է՝ ՌԴ-ից ու Վրաստանից հետո։ Ապա Իրանն է, ԱՄՆ–ն։ Գերմանիան ընդհանուրի մեջ 2 տոկոս է կազմում։ Բայց կարևոր ու առանցքային նշանակություն ունի»,- ասաց Ապրեսյանը։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Հոֆմանը վստահեցրեց, որ իր երկիր կվերադառնա Հայաստանով տպավորված՝ հույս հայտնելով, որ մեկ տարի անց վերադառնալու է և հայ գործընկերների հետ քննարկելու են, թե անցնող տարում բարձրացված հարցերի որ մասն է լուծվել։
