Տնտեսություն

Կառավարությունը կաջակցի դեղձի և թզի մթերմանը Սյունիքի մարզից

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կաջակցի դեղձի և թզի մթերմանը Սյունիքի մարզից

Կառավարությունը հավանություն տվեց արտահանման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել Սյունիքի մարզում թզի և Հայաստանում դեղձի մթերմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագիծը կարևոր է մի շարք խնդիրների լուծման տեսանկյունից։

«Սյունիքի մարզում բավականին լավ թզի բերք կա, դեղձի բերքը նույնպես բավականին լավ է, և այստեղ ևս աջակցության կարիք կա»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ նախագծով լուծվում է երկու հիմնական խնդիր՝ գյուղացիական տնտեսություններում առկա բերքի մթերումը և սպառումը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության զարգացումը։

Ծրագրի շրջանակում մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսվում է մթերել 3000 տոննա դեղձ և 400 տոննա թուզ։ Նախագծով առաջարկվում է 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը փոխհատուցում տրամադրել Սյունիքի մարզից վերամշակման նպատակով մթերվող մինչև 400 տոննա թզի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 125 դրամի չափով, իսկ Հայաստանի տարածքից վերամշակման նպատակով մթերվող դեղձի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ նույնպես 125 դրամի չափով։

Անդրադառնալով ծրագրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց մթերման գործընթացի հստակ վերիֆիկացիայի համակարգի առկայությունը։

«Խնդիրը միայն բուն մթերման մեջ չէ։ Մենք պետք է այս գործընթաքցներում ստվերի դեմ պայքարելու, այդ ստվերը կանխարգելելու շատ հստակ մեխանիզմ ունենանք»,- ասաց Փաշինյանը։  

Վարչապետը նաև անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում արբանյակային տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։

Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2031 թվականը երկրի ուղեծիր արձակել երեք արբանյակ։

«Դա մեզ պետք է օգնի հասկանալ, թե, օրինակ, ինչքան խաղողի, դեղձի այգի կա»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում