Միացյալ Նահանգներ

Թրամփը կրկին հայտարարել է, որ կարող է ավիակիր ուղարկել Կուբայի ափեր

2 րոպեի ընթերցում

Թրամփը կրկին հայտարարել է, որ կարող է ավիակիր ուղարկել Կուբայի ափեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Կուբայի ափեր ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Salem News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Հնարավոր է՝ Իրանից վերադառնալու ճանապարհին, երբ ավարտենք դա (հակամարտությունը), մենք «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը կտեղակայենք (Կուբայի) ափերից երկու հարյուր յարդ (շուրջ 180 մետր) հեռավորության վրա և կտեսնենք, թե ինչպես են նրանք ցանկանում ինչ-որ բան ձեռնարկել», - ասել է Թրամփը։

Սա արդեն առաջին դեպքը չէ, որ Թրամփը հայտարարում է Կուբայի ափեր ավիակիր ուղարկելու ԱՄՆ-ի պլանների մասին։ Անցյալ շաբաթ նա հանդես է եկել նմանատիպ պնդմամբ, սակայն այդ ժամանակ խոսքն էլ ավելի մոտ տարածության մասին էր. նախագահը խոստացել էր նավը կանգնեցնել կղզու ափից ընդամենը 100 յարդ (91 մ) հեռավորության վրա։

Հունվարի 29-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել Կուբային նավթ մատակարարող երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, ինչպես նաև արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ԱՄՆ ազգային անվտանգության համար Կուբայից հնարավոր սպառնալիքի հետ:

Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն էներգետիկ շրջափակման միջոցով ձգտում է խեղդել կղզու տնտեսությունը և կենսապայմաններն անտանելի դարձնել նրա բնակչության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում