Սահմանվել է ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին նախընտրական քարոզչության ժամանակ եթերաժամ տրամադրելու կարգը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 4-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի  կողմից եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան։

Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռարձակողի «Առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 90 րոպե անվճար և ոչ ավելի, քան 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) անվճար հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 2-ը ներառյալ (26 օր)՝ օրը 3-ական րոպե,

բ) 2026թ. հունիսի 3-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (3 օր)՝ օրը 4-ական րոպե,

2) վճարովի հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 1-ը ներառյալ (25 օր)՝ օրը 4-ական րոպե,

բ) 2026թ. հունիսի 2-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (4 օր)՝ օրը 5-ական րոպե:

Սահմանված եթերաժամերը տրամադրվում են ժամը 18:00-ից՝ ժամանակացույցին համապատասխան։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով։

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրակա­նացնելու նպատակով հանրային հեռարձակողի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով, տրամադրվում է ոչ ավելի, քան 150 րոպե անվճար և ոչ ավելի, քան 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝ 

1) անվճար հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 31-ը ներառյալ (24 օր)՝ օրը 5-ական րոպե,

բ) 2026թ. հունիսի 1-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (5 օր)՝ օրը 6-ական րոպե,

2) վճարովի հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 30-ը ներառյալ (23 օր)՝ օրը 6-ական րոպե,

բ) 2026թ. մայիսի 31-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (6 օր)՝ օրը 7-ական րոպե:

Սույն կետով սահմանված եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից՝ ժամանակացույցին համապատասխան։

Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ անվճար եթերաժամանակի համար սահմանված հերթին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվում է ոչ ավելի, քան 25-ական րոպե անվճար եթերաժամ:

Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով կարող է տրամադրվել վճարովի հիմունքներով եթերաժամանակ:

ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողները բոլոր կուսակցությունների համար պետք է ապահովեն հավասար և միատեսակ պայմաններ:

Հայերեն

ԱԺ նիստ. 25/08/26

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները