Ադրբեջանի նախագահը տեսակապով կմիանա Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որն անցկացվում է մայիսի 4-ին Երևանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի կայքում հրապարակվել է մասնակիցների ցանկը, որոնց թվում է նաև Ադրբեջանի նախագահը։
Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։
Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։