Քաղաքականություն

Հայտնի են «Երևանյան երկխոսություն» համաժողովի թեմատիկ ուղղությունները

5 րոպեի ընթերցում

Հայտնի են «Երևանյան երկխոսություն» համաժողովի թեմատիկ ուղղությունները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի 6 թեմատիկ ուղղությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես ներկայացրել է ՀՀ ԱԳՆ-ն, համաժողովը կընդգրկի հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին», «Գլոբալ փոխկապակցվածություն», «ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում», «Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և ԱԲ», «Կանաչ փոխակերպում», «Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետություն»։

«Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին»

Աշխարհաքաղաքական փոթորիկների ազդեցությամբ ձևավորվող աշխարհում, խաղաղությունն ու անվտանգությունն առաջնահերթություն են առավել քան երբևէ։

Գլոբալ փոփոխությունների համատեքստում առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս կարելի է կառուցել բովանդակային և արդյունավետ համագործակցություն:

Երկխոսությունը շարունակում է մնալ լարվածության նվազեցման, խաղաղության կառուցման և կայուն զարգացման առանցքային գործոն։

«Գլոբալ փոխկապակցվածություն»

Ներառական փոխկապակցվածությունն ունի հիմնարար նշանակություն խաղաղության և կայուն բարգավաճման համար։ Բաց սահմաններն ու արդյունավետ ենթակառուցվածքները նպաստում են մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին։

«ԹՐԻՓՓ ուղի» նախագծի նման նախաձեռնությունները կարող են ամրապնդել փոխկապակցվածությունը և խթանել կայուն զարգացումն ու կայունությունը

«ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում»

Եվրոպական միության ինտեգրման գործընթացը թևակոխում է հնարավորությունների և դինամիկայի նոր շրջան՝ պայմանավորված ոլորտային ինտեգրմամբ, ժողովրդավարական բարեփոխումներով և տնտեսական մերձեցմամբ։

Առանցքային հարցերն են գործընթացի տեմպը, ինչպես նաև ԵՄ դերն ավելի լայն հարևանությամբ:

Զուգահեռ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը շարունակվում է՝ հիմնվելով -ռազմավարական օրակարգի վրա։

«Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և ԱԲ»

Հիբրիդային սպառնալիքների գլոբալ աճի պայմաններում արհեստական բանականությամբ խթանվող ապատեղեկատվությունն ու արտաքին միջամտության փորձերը միտված են խաթարելու հանրային վստահությունը, սոցիալական համախմբվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը:

Դրանց հաղթահարումը պահանջում է համահասարակական մոտեցում և ամուր համագործակցություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման վրա։

«Կանաչ փոխակերպում»

Կայուն տնտեսությունների փոխակերպումն ունի կենսական նշանակություն:

Կլիմայական գործընթացների կառավարումը, կենսաբազմազանության պահպանումը և կանաչ զարգացումը պահանջում են նորարարական մոտեցումներ, համագործակցություն և ֆինանսական ռեսուրսներ։

Այս ջանքերը կենսական նշանակություն ունեն համընդհանուր բարեկեցիկ ապագայի ապահովման գործում ։

COP17-ը կնպաստի կենսաբազմազանության ոլորտում կորուստների նվազեցման և համաշխարհային պահպանության խթանմանն ուղղված քայլերի առաջմղմանը։

 «Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետություն»

Անվտանգության ոլորտն առանցքային նշանակություն ունի ենթակառուցվածքների պաշտպանության և դիմակայունության ամրապնդման գործում։

Հիմնական քննարկումները կենտրոնացած են պետության կարիքների և մասնավոր հատվածի նորարարությունների միջև հավասարակշռության ապահովման վրա՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության և հսկողության բնագավառներում։

Այս ուղղությունը նպատակ ունի ձևավորել ավելի կայուն, անվտանգ և խաղաղ ապագա։

«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովը տեղի կունենա ընթացիկ տարվա  մայիսի 5- 6-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում