«Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում». Հայաստանի ազգային պատկերասրահում աննախադեպ ցուցահանդես է բացվել

6 րոպեի ընթերցում

«Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» ցուցահանդեսը, որը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, աննախադեպ իրադարձություն է հայ մշակութային կյանքում։ ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական միջոցներով «Սոթբիս» աճուրդից ձեռք է բերել և Հայաստանի ազգային պատկերասրահին է փոխանցել Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը, որը ցուցադրության առանցքում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքը ձեռք է բերվել մոտ 31 մլն դրամով։

«Արշիլ Գորկու նոր աշխատանքի ձեռքբերումը Հայաստանի ազգային պատկերասրահի համար  բացառիկ երևույթ է, որովհետև Գորկու հասուն շրջանի աշխատանքների բացակայությունը մեզ թույլ չէր տալիս լիարժեք ներկայացնել 20-րդ դարի սփյուռքահայ արվեստի զարգացումն ու մոդեռն արվեստի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, որի նախակարապետն է Արշիլ Գորկին։ Սա թույլ է տալիս երկակի կերպով զարգացնել մեր հավաքածուն, ամրապնդել նրա  միջազգային կարգավիճակը»,-նշեց պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը։

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի Գորկու այլ աշխատանքներ ևս ձեռք բերել։

Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը Հայաստանի թանգարաններում գտնվող Գորկու միակ բնօրինակ աբստրակտ գործն է, նկարչի փոքրիկ գծանկարից զատ, որ  քույրը՝ Վարդուշն է 1977 թվականին նվիրել ՀԱՊ-ին։

1940-ականների կեսերին արված պաստելային այս նկարն արտացոլում է Գորկու անհատական ոճի և թեմատիկայի կայացման սկիզբը՝ արվեստագետին բնորոշ գունային լուծումներով և ուրույն ձևախաղերով։

Աշխատանքը հանրությանը ներկայացվում է ընդլայնված ցուցահանդեսային ձևաչափով. առաջին անգամ Արշիլ Գորկին հանդես է գալիս իր ազդեցությունը կրած հայաստանյան և սփյուռքահայ այլ արվեստագետների շրջանակում` Սեյրան Խաթլամաջյան, Վիգեն Թադևոսյան, Խորեն Տեր Հարության, Հենրի Էլիբեկյան, Ռուբեն Ադալյան, Վահե Հեքիմյան, Մարտին Պետրոսյան, Միքայել Հովհաննիսյան, Էդուարդ Խարազյան, Էդմոնդ Դեմիրճեան, Աշոտ Հովհաննիսյան: Սա հնարավորություն է տալիս անքակտելիորեն ցույց տալ Գորկու և հայ արվեստի զարգացման հետագծի խոր կապերը։ Ցուցահանդեսում նաև կիրառվում է վիրտուալ իրականության տեխնոլոգիայով արված ինտերակտիվ տեսողական նյութ, որը եռաչափ կերպով պատկերում է Գորկու արվեստի զարգացման տարբեր փուլերը։

Գալստյանի խոսքով՝ Գորկու տեղը համաշխարհային արվեստի պատմության մեջ անկյունային է։ «Նրա՝ 40-ականների ցուցահանդեսներից մեկի ժամանակ աշխարհահռչակ  քննադատ, արվեստի տեսաբան Քլեմենտ Գրինբերգը հայտարարեց, որ Գորկին առաջին արվեստագետն է, որ ստեղծել է մաքուր ամերիկյան արվեստ։ Գորկին նախ կապվում է ամերիկյան ժամանակակից արվեստի զարգացման հետ։ Ես կպնդեի, որ նա հետևորդներ չի թողել, սեփական դպրոցը կամ շարժումը չի ստեղծել, քանի որ շատ շուտ է կյանքից հեռացել, բայց այն նոր լեզուն, որը նա կարողացավ կյանքի վերջին շրջանում ձևավորել, իսկապես մեծ ազդեցություն է ունեցել  համաշխարհային համբավ ունեցող արվեստագետների վրա, իսկ այս ցուցահանդեսը կարևոր է նաև նրանով, որ փորձում է ներկայացնել, որ Գորկու արվեստի շարունակականությունն իր լիարժեք դրսևորմամբ հնարավոր է տեսնել հենց հայկական արվեստում։ Հետևորդներ թե՛ ոճական, թե՛ գաղափարական իմաստով տեսնում ենք հենց  հետպատերազմյան շրջանի հայկական արվեստում, հատկապես վերացական արվեստում»,-ասաց Վիգեն Գալստյանն ու հավելեց՝ 1956 թվականին, երբ Հովհաննես Զարդարյանն առաջին անգամ Վենետիկի բիենալեում ծանոթանում է Գորկու աշխատանքներին ու սկսում է խոսել նրա մասին, Գորկու համբավը խորհրդահայ արվեստում՝ ընդհատակյա, ավանգարդային շրջանակներում սկսում է աճել։

Արլիկ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան) ծնվել է 1904 թվականի ապրիլի 15-ին Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում։  Ոստանիկ Մանուկ Ադոյանն անցել է տառապալից, բայց հանճարեղ մի ուղի, որն ընդմիշտ փոխել է 20-րդ դարի արվեստի պատմությունը։

Գորկու կապը հայ արվեստի հետ ամենախրթին ու հետաքրքիր հարցերից է։ Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրած արվեստագետ՝ նա կրել է մշակութային խոր հիշողություն, սակայն ձգտել է վերակերտել իրեն որպես եվրոպացի «կոսմոպոլիտ»՝ հեռանալով փախստականի ինքնությունից։ Նրա արվեստը հասունացել է ամերիկյան ավանգարդի կիզակետում՝ դառնալով կամուրջ իրականի ու վերացականի միջև։

Հայրենիքում Գորկու անունը սկսել է հնչել միայն 1960-ականներին։ Հայ երիտասարդ արվեստագետների՝ Սեյրան Խաթլամաջյանի, Էդուարդ Խարազյանի և Աշոտ Հովհաննիսյանի համար նա դարձել է ազգային զգայունության և սեփական փորձառությունն արտահայտելու վառ օրինակ։ Վերացականությունը նրանց համար դարձել է միջոց՝ հակադրվելու ժամանակի գաղափարախոսական սահմանափակումներին։

Գորկու կտավների մետաֆիզիկական լիցքն ու տրավմատիկ հիշողությունը մինչ օրս շարունակում են մնալ կենսական հենակետ բազմաթիվ արվեստագետների համար սփյուռքում և Հայաստանում։

 

 

Հայերեն Русский Türkçe

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով