ՆԳՆ-ն հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքացիների նախնական ցուցակները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել։
«Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։
Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
Հարթակում՝ ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։
Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը»,- ասված է հաղորդագրության մեջ։