Իրավունք

«Իմ քայլը» հիմնադրամը Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու և «Անկախ դիտորդ»-ից վնասների հատուցման հայցեր կներկայացնի

3 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամը Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու և «Անկախ դիտորդ»-ից վնասների հատուցման հայցեր կներկայացնի

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իր փաստաբանական թիմն ուսումնասիրում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, իսկ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դեմ՝ հայցադիմում հիմնադրամի գործարար համբավին ու հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աննա Հակոբյանը հայտարարեց ապրիլի 27-ին հրավիրված ասուլիսին՝ անդրադառնալով «Անկախ դիտորդ»-ի կողմից Վարչական դատարան ուղարկված դիմումին, որի համար հիմք են հանդիսացել ԱԺ ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։

Աննա Հակոբյանի պնդմամբ՝ հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իր կերպարի ասոցացումը իշխող քաղաքական ուժի հետ խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայով, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներով պաշտպանված իրավունքները։ 

Նրա խոսքով՝ իր նկատմամբ մասնավորապես խախտվել է ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածը, որի համաձայն Ազգային ժողովի ու համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:  

Բացի այդ, ըստ Հակոբյանի, խախտվել են ազատ ընտրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Քրեական օրենսգքրի 210-րդ հոդվածը, որով պատասխանատվություն է սահմանվում անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու համար։

Ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ»-ը դիմում է ուղարկել Վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ 

«Անկախ դիտորդ»-ը հանրահայտ փաստ է համարել, որ «Իմ քայլը» հիմնադրամի անվանումն ասոցացվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ՝ համոզմունք հայտնելով, որ ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։

«Իմ քայլը» հիմնդրամը հերքել է հնչող մեղադրանքները՝ նշելով, որ Հիմնադրամը և դրա կողմից իրականացվող ծրագրերը իշխող ուժի հետ որևէ կապ չունեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում