Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» միջոցառումների շարքը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունից, Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից, հանրաճանաչ պարային խմբերից, ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, ՀՀ մարզերում գործող պարային խմբերից։
Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։
Միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնում։ Ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը, ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:
ԿԳՄՍ նախարարությունը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում են բոլորին՝ միանալու տոնին և մասնակցելու «Արի՛, պարի՛» նախաձեռնությանը՝ դառնալով հայկական պարի կրողն ու տարածողը։