Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օր

6 րոպեի ընթերցում

Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ հիշատակում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: 

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն: 

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով