Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն
4 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Այցի շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպմանն ընդգծվել են վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և կարևորել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորելով նախնական տվյալների կանոնավոր փոխանակումը՝ որպես փոխադարձ առևտրի դյուրացման և անվտանգության ապահովման կաևոր գործիք՝ կողմերը նախանշել են համակարգի հնարավորինս վաղ գործարկման համար անհրաժեշտ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև կողմերի միջև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքներին ու վերջնական պայմանավորվածության հասնելու քայլերին։
Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Քննարկվել են նաև սահմանային թողունակության ծավալների մշտադիտարկման և այդ ծավալների բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցեր։
Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Նորդուզի անցման կետում, որտեղ ներկայացվել է ԻԻՀ ձեռքբերումները՝ մաքսային համակարգի թվայնացման շրջանակում ։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հայաստանն այսօր վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և համատեղ բարգավաճման հասնելու լավագույն ուղին փոխադարձ վստահության վրա հիմնված ջանքերի համատեղումն է։
«Այս համատեքստում կարևոր է նաև երկու երկրների՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Այս փոխադարձ զարգացումն ու սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն երկկողմ տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար»,–նշել է Էդուարդ Հակոբյանը։
Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը, որի հիմնական նպատակն արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է և մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը։
Կողմերը ստորագրել են նաև հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին արձանագրություն։