ՀՀ ԱԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս ձևաչափով փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին միջավայրում Հայաստանի Հանրապետության շահերի առաջմղման, բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության տրամաբանությամբ գործընկերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, մարտահրավերների և դրանց հասցեագրման հարցում առկա մոտեցումներին:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման ընթացքը, հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:
Մտքեր են փոխանակվել ռազմավարական գործընկերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:
ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին։ Ընդգծվել է ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավների հաղթահարման գործում պետության և քաղաքացիական հասարակության միջև ակտիվ երկխոսության, ինչպես նաև համախոհ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորությունը:
Հարցուպատասխանի ժամանակ նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում: